Շատ վատ լուր ունեմ Իշխան Սաղաթելյանի համար՝ իրենք չեն գա

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, և մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը,  ԱԺ հայտարարության միջոցով ամրապնդեցինք տեղի ունեցած կարևոր իրադարձությունը՝ խաղաղության գործընթացը։ Համոզված եմ, որ դրա ընդունումը ողջունվելու է մեր շատ ու շատ գործընկեր ժողովրդավարական երկրների կողմից։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի կողմից 64 կողմ, 2 ձեռնպահ ձայնով ընդունված՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությանը, որի հեղինակը ՔՊ-ն էր։ «Յուրաքանչյուր քաղաքացի, ով մտահոգ է ՀՀ-ի ապագայով և ներկայով, ողջունում է խաղաղությունը, ուստի մեր այսօրվա հայտարարությունը բնականոն է, այդպես էլ պետք է լիներ»,- հավելեց պատգամավորը։


Նկատեցինք՝ արդեն իսկ քննադատություններ են հնչում, որ ՔՊ-ն շտապում է՝ դեպքերից առաջ ընկնելով ազդարարելով խաղաղության հաստատման մասին, քանի որ Վաշինգտոնում ընդամենը նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, փաստաթուղթը պետք է ներպետական մի շարք ընթացակարգերով հաստատվի, որից հետո էլ նոր կարելի է խոսել խաղաղության հաստատման մասին։  «Մենք դեպքերից առաջ չենք ընկել, ուղղակի փորձում ենք նաև կառավարել որոշ դեպքեր։ Քննադատությունները հնչում են հիմնականում այն դերակատարների կողմից, ովքեր ունեն շատ սկեպտիկ մոտեցումներ, կասկածամիտ են, և այդ կասկածամտությունը վերաբերում է իրենց օրակարգերին, այլ ոչ թե ՀՀ կառավարության որդեգրած քաղաքական օրակարգերին։ Մեր ընդունած հայտարարությունը, այո՛, ուղերձ է ողջ աշխարհին, որ ՀՀ-ն պատրաստ է խաղաղություն կնքել, ՀՀ իշխանությունը, կառավարությունը պատրաստ է թանձր, մուգ գիծ քաշել և հետ չնայել, չշարունակել լինել զոհի կարգավիճակում, այսինքն՝ նայել ապագային և նոր քաղաքական ճանապարհ որդեգրել։ Երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիան հենց այդ ճանապարհն է ընտրել՝ չխղճալ իրեն և հետ չնայել անցյալին, վերջ տալ նվաճողական քաղաքականությանը, գնալ առաջ՝ դեպի խաղաղություն և դեպի եվրոպական ընտանիք։ Այժմ մենք խոսում ենք ժողովրդավարության և խաղաղության մասին, որոնք մեզ տանում են դեպի եվրոպական ընտանիք։ Որոշ մարդիկ չեն ուզում խաղաղություն, քանի որ խաղաղության կոնտեքստում իրենց հարմարավետ  չեն զգում»։


Անդրադառնալով հայտարարության ընդունումը բոյկոտած «Հայաստան» և ՊՈՒ խմբակցությունների քննադատություններին՝ հայտարարությունների տեսքով, և մասնավորապես ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դիտարկմանը, թե՝ իրենք կողմ են խաղաղությանը, սակայն Փաշինյանի բանակցածը խաղաղության մասին չէ, իրենք, ենթադրաբար, իշխանության գալու պարագայում  ՀՀ շահերից բխող փաստաթուղթ կբանակցեն, Դավոյանը նկատեց «Ես շատ վատ լուր ունեմ  Իշխան Սաղաթելյանի համար՝ իրենք չեն գա, առավել ևս, երբ Սաղաթելյանն է ասում՝ իրենք կգան և ավելի լավ կբանակցեն։ Ցավում եմ իրենց համար։ Իրենք ընդունակ են միայն լսել Ադրբեջանի նախագահին, հուշումներ անել այս կամ այն երկրին, թե ինչ ասի կամ անի, մի խոսքով՝ անել ամեն ինչ, որ  խաղաղության գործընթացը տորպեդահարվի։ Այսօր հիանալի հնարավորություն ունեին գալու ու խոսելու խաղաղության փաստաթղթի մասին, հարցեր տալու, իրենց դիրքորոշումն արտահայտելու… Մինչդեռ տեքստ են գրում, գնում-կորչում են։ Սա խոսում է նրանց անլրջության մասին։ Ասեմ ավելին՝ իրենք երբեք չեն եղել խաղաղության կողմնակից և այժմ էլ դրա կողմնակիցը չեն։ Ավելին՝  երբ իշխանության ղեկին էին, այդպես էլ  համարձակություն չունեցան գնալու լուծումների։ Իրենք չեն ունեցել կոնֆլիկտը լուծելու տեսլական, ունեցել են կոնֆլիկտը երկարաձգելու տեսլական։ Այժմ էլ մեզ մեղադրելով խաղաղասիրության մեջ՝ կարծես իրենք իրենց մեղադրում են համարձակություն չունենալու մեջ»։


Արփի Դավոյանի հետ խոսել ենք նաև Սամվել Կարապետյանին աֆիլացված անձի կողմից ձևավորվելիք կուսակցության, ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով  խորհրդարանական լսումների, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝  վերջերս արած հայտարարությունների, Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա ենթադրյալ այցի, Կիրիենկոյի հետ հանդիպման և այլ թեմաների մասին։


Մանրամասները՝ տեսանյութում։

 Հեղինե Մանուկյան