Կիրիենկոն ու իր ղեկավարները չեն որոշում՝ ով է Հայաստանում լինելու իշխանություն

Չեմ վարանի ասել, որ սա կենսաթոշակների և նպաստների բարձրացում է։ Հունվարի մեկից վերադարձի սահմանաչափը դառնում է 20 տոկոս, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը։ Հունվարից միջինում 3500 դրամով կավելանան թոշակներն ու նպաստները։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։


Նա նաև նշեց, որ պիլոտային ծրագիր է իրականացվում առայժմ միայն երկու մարզում, որի համաձայն՝ կարիքների գնահատում է կատարվում, և դրա հիման վրա է ընտանիքներին նպաստ տրամադրվելու։ Մի դեպքում կարող է գնահատվել, որ ընտանիքը նպաստի կարիք չունի, և զրկվեն նպաստից, մյուս դեպքում կարող է ընտանիքին տրամադրվող նպաստի չափը բազմակի ավելանալ։


Անդրադառնալով ԱԺ-ում ընդունված հայտարարության տեքստի քննարկումներից ընդդիմության փախչելուն՝ Թորոսյանն ասաց, թե առաջին անգամ չէ, որ լսում են խաղաղությանը ընդդիմության դեմ լինելու մասին։ «Ըստ էության ընդդիմությունը չի ուզում խաղաղություն, որովհետև խաղաղության բացակայության պայմաններում կարող են սպասարկել իրենց, իրենց տերերի շահերը, իսկ խաղաղության պայմաններում բովանդակազուրկ են, ասելիք չունեն։ Իրենց ձայնապնակն անվերջ պտտեցնելու համար իրենց պետք է խաղաղությունից զերծ միջավայր»,- ասաց Թորոսյանը։


Հայաստանի հարցերով կուրատոր Կիրիենկոյի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրին անդրադառնալով՝ ՔՊ վարչության անդամը նկատեց, որ պետք է հանդիպել ՀՀ ժողովրդին, ՀՀ քաղաքացուն։ «Եթե ասելիք ունես ու ուզում ես, որ իշխանությունը 5 տարով քեզ պատվիրակեն, որովհետև իշխանությունը պատվիրակում են, ոչ թե նվիրում կամ տալիս, թեև իրենց ժամանակ դա իրենց սեփականությունն էր, բայց եղավ հեղափոխություն, ու իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և ժողովուրդն է որոշում՝ ում կտա այդ իշխանությունը ևս 5 տարի, բայց էս մարդիկ չեն հասկացել՝ մնացել են իրենց 90-ականներում, 2000-ականներում։ Եվ ոչ միայն Քոչարյանը, այլև բոլոր նախկին իշխանությունները։ Իրենց խոսույթը լսելիս՝ մեղադրանքները, ժողովրդին չհասկացողի տեղ դնելը, նսեմացնելը դրա մասին են խոսում՝ կարծում են, թե իրենք պետք է որոշեն՝ ով է լինելու իշխանություն. 5 հոգով հավաքվեն որոշեն՝  ով է իշխանություն՝ Կիրիենկոյի և իր ղեկավարների հետ մեկտեղ։ Բայց դա վաղուց էդպես չի, այդ գնացքը վաղուց գնացել է, նորից չի գալու։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կամքով, և այդ հանդիպումները անիմաստ ժամանակի կորուստ են։ Ավելին՝ ժողովրդին ցույց են տալիս, թե ինչու չի կարելի ընտրել Քոչարյանին և ընկերներին կամ նման կերպ վարվող անձանց»,- ասաց Արսեն Թորոսյանը։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան