Ռոբերտ Քոչարյանը ասուլիս կտա։
Այս լուրը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Կրեմլում Հայաստանի
հարցերով կուրատոր Կիրիենկոյի հետ հանդիպումից մի քանի օր անց տեղի կունենա ասուլիսը։
Վերջինիս հետ հանդիպման մասին լուրը, որը տարածել էր Hraparak.am-ը, չհերքեցին ո՛չ
Ագնեսա Խամոյանը, ո՛չ Արթուր Խաչատրյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Կիրիենկոյից ստացած հանձնարարակա՞ն
ունի Ռոբերտ Քոչարյանը։ Այս և այլ հարցեր տալու հնարավորություն մենք չենք ունենա։
Այս անգամ ևս փորձեցինք հավատարմագրվել՝ ասուլիսին ներկա լինելու համար։ Բագրատ Միկոյանը,
սակայն, մերժեց՝ նշելով, որ Civic.am-ը չկա հրավիրյալ լրատվամիջոցների թվում։ Նախորդ
անգամ ևս մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան՝ մեզ չթույլատրեցին ներկա լինել Քոչարյանի
ասուլիսին։ Այս անգամ ևս Ռոբերտ Քոչարյանը ասուլիս կտա ընտրված լրատվամիջոցներին՝ խասյաթի
համաձայն։
Բագրատ Միկոյանը՝ մեր դիտարկմանը,
թե Civic.am-ը երբեք աչքի չի ընկել ընդդիմադիր գործիչների հետ շփումներում ոչ կոռեկտ,
անհարգալից վարքով, միշտ պահել է քաղաքավարության, էթիկայի կանոնները՝ ի տարբերություն
որոշ այլ լրատվամիջոցների ու լրագրողների, ասաց, թե միևնույն է՝ մենք չկանք հրավիրյալ,
ասել է թե՝ ընտրված լրատվամիջոցների թվում։ Հույս հայտնեց, որ մեկ ուրիշ առիթով կստանանք
հնարավորություն մասնակցելու Քոչարյանի ճեպազրույցներից մեկին։
2018 թվականից հետո հայաստանյան
քաղաքական դաշտի տրամաբանությունը գլխիվայր շրջվել է։ Նախկինում ընդդիմությունը ամեն
ինչ անում էր եթերներ ստանալու համար։ Պայքարում էր ամեն հարթակի համար, սակայն հազվադեպ
էր կարողանում խոսելու հարթակ ստանալ։ Այսինքն՝ ընդդիմությունը փորձում էր օգտագործել
յուրաքանչյուր հնարավոր խոսափող։ 2018-ից հետո հակառակն է՝ ընդդիմությունը ասուլիսներ,
ճեպազրույցներ, հարցազրույցներ է տալիս միայն ընտրված կամ ավելի հաճախ՝ սեփական լրատվամիջոցներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար
ասուլիսներ է տալիս, կառավարության նիստերից հետո ճեպազրույցներին է իջնում ու պատասխանում
բոլոր լրատվամիջոցների բոլոր հարցերին։ Վարչապետի ասուլիսներին մինչև 40 լրատվամիջոց
է մասնակցում՝ գերակշիռ մեծամասնությունը խիստ ընդդիմադիր՝ անգամ Քոչարյանին պատկանող։
Իսկ Քոչարյանը, հնուց եկած սովորույթի
համաձայն, ընտրում է լրատվամիջոցներին, որոնց հրավիրում են ասուլիսի։ Անգամ նախօրոք
չի էլ հայտարարվում ասուլիսի մասին։ Ուղղակի զանգում ու հրավիրում են իրենց ցանկալի
ԶԼՄ-ներին։ Եվ ահա այս մարդիկ, այս մարդու որդին ու թիմակիցները ԱԺ-ում և եթերից եթեր
գնալով հայտարարում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմի, 37 թվի, դեմոկրատական արժեքներից
հետընթացի մասին։ Քոչարյանը, լինելով ընդդիմադիր, իրեն պահում է ավտորիտար գործչի նման։
Պատկերացրեք ինչպիսին կլինի նա, եթե իշխանություն ստանա։ Չնայած պատկերացնելու կարիք
չկա՝ բավական է հիշել։ Եթե նոր սերնդի ներկայացուցիչ եք՝ բավական է ավագ սերնդից հարցնել
կամ փորձել թերթել արխիվը։
Դե, իսկ մենք, քանի որ ներկա
լինելու և հարցեր տալու հնարավորությունից զրկված ենք, փոփ կորնով կդիտենք սերժական
լրատվամիջոցներ vs Ռոբերտ Քոչարյան հակամարտությունը։
Վոլոդյա Հակոբյան