ՀՀ դեմ դավաճանական գործողություն է, չոգևորվե՛ք

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ զրուցել ենք Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների, ներքաղաքական զարգացումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» եվրոպամետ կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից» երկու անգամ շատ ձայն հավաքելով։


Հարցին, թե հնարավո՞ր է 2026-ին Մոլդովայի սցենարի կրկնություն Հայաստանում, քաղաքագետն ասաց. «Մեծ առումով սցենարները նույնն են, ինչպես Մոլդովայի պարագայում, մենք տեսանք՝ թե՛ դրսից, թե՛ ներսից կային ճնշումներ և հիբրիդային պատերազմներ։ Սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ Մոլդովայի հասարակությունն ու ժողովուրդը իր ձգտումներում հաստատակամ է և ընտրեց եվրոպական ինտեգրման, մեծ առումով՝ դեպի Եվրոպա ճանապարհը։ Մեր հասարակության  պարագայում գործոնները մի փոքր տարբեր են. թերևս մեզ համար ամենակարևոր գործոնը լինելու է խաղաղության և պատերազմի գործոնը, և, բնականաբար, ԵՄ-ին ինտեգրվելու գործոնը նույնպես առանցքային նշանակություն ունի: Եվ իհարկե այս երկու կարևոր հանգամանքներն են, որ որոշիչ դեր են ունենալու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,- ասաց քաղաքագետը։


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա և հանդիպել հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Այսօր հայտարարություն տարածվեց, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա։ Այս առնչությամբ քաղաքագետն ասաց. «Մամուլը, որը գրել է, միգուցե իրենք մտածում են, որ սա բարձրացնելու է Ռոբերտ Քոչարյանի կամ ընդհանրապես ցանկացած մարդու քաղաքական կշիռը Հայաստանում, երբ նա գնացել է և հանդիպել ինչ-որ իքս երկրի իքս բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն եթե ավելի խորքային ենք դիտում, սա ՀՀ-ի դեմ միգուցե նույնիսկ դավաճանական գործողություն է։ Քանի որ, երբ դու գնում ես երրորդ երկրի պետության պաշտոնյայի հետ խոսում ես Հայաստանում քո ներքաղաքական իրավիճակի մասին, թե ինչպես Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը տապալես կամ գաս իշխանության, բնական է, չէ՞, որ էդ երրորդ երկրի պաշտոնյան քո սիրուն աչքերի համար չի շահագրգռված, որպեսզի դու այդ երկրում տապալես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը»,- նշեց քաղաքագետը։


  Ի հավելումն նա ասաց, որ վերջին յոթ տարիների փորձը նրանց այդպես էլ չհամոզեց, որ Հայաստանում այլևս դաբրոներ տվողը հասարակությունն է, և ՀՀ քաղաքացին է, որ պետք է դաբրո տա կամ չտա որևէ քաղաքական ուժի՝ իշխանության գալու, և ոչ թե որևէ երրորդ երկրի պետական մարմինները կամ հատուկ ծառայությունները դաբրո տան այդ մարդկանց քաղաքական գործունեությանը կամ Հայաստանում իշխանության գալուն, թե չգալուն։

    

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան