Տնօրենը կաշառել է համայնքային ու պետական պաշտոնյաների․ գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք:


Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց:


Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար:


Բացի դրանից՝ կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024 թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին:

Պարզվել է նաև, որ 2025 թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար:


Քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով:


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: