Էլ ի՞նչ պետք է ասի Քոչարյանը՝ պարզ լինելու համար, որ նա սպասարկում է ՌԴ շահը, որի նպատակն էլ Հայաստանը ղարաբաղացնելն է

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն կդառնան, և իշխանությունն իսկապես կգնա մոլդովական սցենարով: «Իսկ մոլդովական սցենարը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանը կզրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Եվ ոչ միայն Քոչարյանը, այլև բոլոր այն մարդիկ, որոնք 20 տարի շարունակ  մաս են կազմել իշխանության ուզուրպացիային՝ պետք է դուրս բերվեն ՀՀ քաղաքական դաշտից»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։ 


Բլեյանի դիտարկմամբ՝ Մոլդովայի դեպքում ուզում էին երկիրը բելառուսացնել, Հայաստանի դեպքում՝ արցախացնել: «Ցանկալի կլինի, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանում ընդդիմություն փոխվի, որովհետև ընդդիմությունը նույնպես իշխանություն է։ Կարծիք կա, որ ընդդիմությունը պետք է անպայման ընդդիմանա այն ամենին, ինչ անում է իշխանությունը, բայց ոչ՝ ընդդիմությունն ու իշխանությունը կարող են ունենալ մարտավարական տարբերություններ, կարծիքներ քննարկեն»,- նկատեց մեր զրուցակիցը։


Նրա խոսքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է համատեղ մտածեն, թե օգոստոսի 8-ից հետո էլ ինչ նոր հուշագրեր կարող են ստորագրվել, որոնք էլ ավելի կլավացնեն Հայաստանի դիրքերը. «Իսկ երկրորդ նախագահն էլ ի՞նչ պետք է ասի, որպեսզի մենք հասկանանք, որ ինքն ամբողջությամբ ներկայացնում է ՌԴ շահերն ու որևէ առնչություն չունի Հայաստանի շահերի հետ։ Իր իշխանության տարիներին՝ կոմպլեմենտար քաղաքականության շղարշի ներքո, ամեն ինչ մաս առ մաս հանձնում էր Ռուսաստանին»։ 


Առնոլդ Բլեյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի ու նրա հովանու տակ գտնվող ուժերի  նպատակը Հայաստանը նույնիսկ ոչ թե արցախացնելն է, այլ ղարաբաղացնելը։ 


Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը «Թրամփի ուղու» մասին ունեն նույն խոսույթը։ Առնոլդ Բլեյանի խոսքով՝ որոշ ընդդիմադիրներ ավելի շատ են ուզում միջանցք լինի, քան նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանցի պատգամավորը Հայաստանում ասաց, որ երբ ասում  ենք «Զանգեզուրի միջանցք», դա որևէ տարածքային նկրտում չունի Հայաստանի հանդեպ»։

 

Մարիամ Գրիգորյան   

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում