ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության երկակի ստանդարտներին:
«Շաբաթներ առաջ խոսել էի ընդդիմության տարածած ատելության խոսքի ու երկակի ստանդարտների մասին․ այժմ դրա հերթական դրսևորումն ենք տեսնում։
Երեկ լրագրողները Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին հարց էին ուղղել՝ հղում անելով ինչ-որ մի ընդդիմախոսի․ նշում էին, թե նրա հայրը ազատագրել է Մեխակավանը, իսկ իշխանությունները իբր հանձնել են, և Արգիշտին ուրացել է հոր պատգամը։
Սկսենք նրանից, որ լրագրողական տարրական էթիկայի խախտում է ուրիշի խոսքերի անվան տակ անձնական վիրավորանք հասցնել մարդուն։ Բայց ավելի կարևոր է այն, թե ովքեր են այդպիսի մեղադրանքներ հնչեցնողները։ Դրանք նույն մարդիկ են, որոնք տարբեր տարիների ընթացքում տաքուկ տեղավորվել են պետական ու տեղեկատվական կառույցներում, բարձր աշխատավարձ են ստացել, Ղարաբաղում գեներալների հետ ճաշկերույթների մեջ էին ամեն օր, իսկ արդյունքում մեր պետությանը ոչ մի արժեք չեն տվել՝ բացի նրա միջոցները մաս-մաս անելուց։
Պատկերացնո՞ւմ եք՝ աղետի պատճառ դարձած մարդիկ այսօր հերոսի զավակին մեղադրում են «հայրենասիրության պակասի» համար։
Ու սա առաջին դեպքը չէ։ Մեր գործընկեր Գեղամ Նազարյանին ամենաստոր ձևով վիրավորում են արդեն տևական ժամանակ, քանի որ նա հասկացել է, թե ընդդիմությունն իրականում ինչ նպատակ ունի։ Մարդը, որը զավակ է կորցրել պատերազմում, լսում է քննադատություն մարդկանցից, որոնք երբեք դուրս չեն եկել բազմոցի սահմաններից։ Երբ Նազարյանը նրանց շարքերում էր՝ հերոսի հայր էր, երբ հեռացավ, դարձավ «դավաճան»։ Սա է ընդդիմության իսկական դեմքը՝ երկակի ստանդարտների և ատելության վրա կառուցված համակարգ։
Այս ամենը նոր երևույթ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում նման մեթոդներ վաղուց են օգտագործվում՝ տեղեկատվական մանիպուլյացիաներ, արժեհամակարգերի մանիպուլյացիա։ Նույն տեխնոլոգիան է՝ ձևավորել «մենք ընդդեմ նրանց» տրամաբանություն և հասարակությանը բաժանել «հայրենասերների» ու «դավաճանների»։ Սա ոչ թե գաղափար է, այլ մանիպուլյացիոն գործիք՝ իշխանության կամ ազդեցության վերականգնման համար։
Արդյունքում այս մարդիկ ո՛չ հերոսի արժեքը գիտեն, ո՛չ զոհվածի ցավը, ո՛չ էլ պետության պատասխանատվությունը։ Նրանց միակ չափանիշը սեփական քաղաքական գոյության երկարաձգումն է թեկուզ ամենաստոր մեթոդներով»,- գրել է Մանավազյանը: