Նողկանք ու զայրույթ եմ զգում. եթե հանկարծ Քոչարյանը գա իշխանության՝ երանի ենք տալու Մարտի 1-ին ու «Գույք պարտքի դիմաց» գործարքին

Պատմաբան, «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի ղեկավար Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները հասկանալու համար պետք է նախ այն թարգմանել հայերեն, հետո փնտրել հոդաբաշխ նախադասություններ: «Աթոռին պետք է նստի լեզվաբան, տրամաբան և քաղաքագետ։ Վերջին տարիներին պատմաբանի մասնագիտությունը թողած՝ զբաղվում ենք նաև այդպիսի խնդիրներով,  ուստի պետք է փորձենք խորամուխ լինել տվյալ անձնավորության խեղկատակ հայտարարություններին։ Զգում եմ միայն նողկանք և զայրույթ»,- Civic.am-ի տաղավարում հայտարարեց նա։


Սաֆարյանի խոսքով՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ մարդուց, ով  օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը անվանում է միջանցքի տրամադրում. «Նա ավելի սանձարձակ է, քան Ալիևը։ Այլևս չեմ խոսում այն ստոր բառապաշարի մասին, որով նա խոսում էր։ Երանի գժերին, որ էլ չեն գժվի, նրան մեկնաբանելու համար ես ինձ շատ պետք է իջեցնեմ։ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ցինիկ կերպով  հայտարարում էր՝ ողջ լինեի, մի երկու բառ կասեի։ Սադիստական ճանապարհով մաքրել է իր քաղաքական կարիերայի ճանապարհը»։  


Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանի բոլոր հայտարարությունները հակահայկական ու դավաճանական են. «Եթե մի մարդ կարող է կանգնել ու ասել, որ դա միջանցք է՝ պետք է ենթարկվի քրեորեն պատժելի մի հոդվածի ու որպես դավաճան դատվի»։ 


Մեր զրուցակիցը համոզված է՝ Գյումրու սցենարը կրկնել հնարավոր չի լինելու. «ՀՀ, այսպես կոչված, նախագահը երբեք որևէ քաղաքական ուժի ղեկավար կամ առաջնորդ չի եղել։ Ստեփանակերտից մինչև Երևան որևէ քաղաքական ուժ չի հիմնել, նույնիսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր թեթև ձեռամբ դադարել է  լինել կուսակցություն, քանի որ սպասարկել է  իր և երրորդ նախագահի շահերը։ Գյումրու սցենար էլ չի կրկնվելու, բայց ես  կարծում եմ, որ Գյումրիի ընտրությունների մեջ մեղքի մեծ բաժին ուներ ՀՀ կառավարությունը, քանի որ այդպիսի քրեածին տարրերին պետք է մաքրած լիներ»։


Սաֆարյանի խոսքով՝ եթե հանկարծ Քոչարյանը գա իշխանության, երանի ենք տալու Մարտի 1-ին ու «Գույք պարտքի դիմաց» գործարքին։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան