Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ։
Մասնավոր կյանքին միջամտությունը հաճախ դրսևորվում է անձնական տվյալների ու մասնավոր կյանքին վերաբերելի տեղեկությունների տարածմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների ձեռքբերումն ու տարածումը ոչ միայն սահմանադրական, կոնվենցիոն ու օրենսդրական մի շարք կարգավորումների խախտում են, այլ նաև ոչ իրավաչափ միջամտություն են մարդու մի շարք հիմնարար իրավունքների, և պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Պաշտպանը կոչ է անում բոլոր շահագրգիռ սուբյեկտներին հետևել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների երաշխիքներին, անձնական տվյալներ կազմող տեղեկությունները ձեռք բերել և տարածել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Պետական իրավասու մարմիններն էլ պետք է մշակեն ու գործադրեն անձնական տվյալների պաշտպանության պատշաճ գործիքակազմեր:
Նկատենք, որ Փարաքարի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պնդում է, որ մամուլում իր ընտանիքի հասցեին հերյուրանքներ են տարածվում:
«Լիա Սարգսյան անուն-ազգանունով իբր լրագրողը մամուլում անբարո հերյուրանք է տարածում, և ես պատրաստվում եմ դատի տալ՝ մեր ընտանիքի բարի համբավն ու արժանապատվությունը արատավորելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասել է Դավիթ Ախտոյանը:
Նկատենք՝ Ախտոյանի հիշատակած անձը գրել է, որ իրավապահները վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ։
Մհեր և Դավիթ Ախտոյանները այս տարվա փետրվարին իրենց տան դիմաց սպանված Գրիգոր Օհանյանի ազգականներն են: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է և կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Գևորգ Հարությունյանը, նրան օժանդակելու համար մեղադրվում է և կալանավորվել է նույն համայնքի բնակիչ, Գրգոր Օհանյանի հարազատ եղբայրը՝ Նարեկ Օհանյանը: Գրիգոր Օհանյանին սպանելու համար մեղադրվում է Մերձավանի բնակիչ Արմեն Ղազարյանը, որ կալանավորված է: Այս գործով անցնում է 14 անձ, այդ թվում՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը: Իրավապահները պնդում են, որ Վոլոդյա Գրգորյանի սպանությունը փետրվարյան դեպքերի շարունակությունն է և եղել է վրեժխնդրության հողի վրա: