ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Եգիպտոս իր առաջիկա այցի ընթացքում, որը կարող է տեղի ունենալ արդեն կիրակի, ծրագրված է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրում:
«Մենք կմեկնենք Եգիպտոս, իմ ներկայությամբ տեղի կունենա պայմանավորվածության պաշտոնական ստորագրումը»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության սկիզբ դառնալ:
«Մենք հասել ենք խաղաղության։ Կարծում եմ, որ դա կլինի շարունակական, հնարավոր է՝ հավերժական խաղաղություն»,- հայտարարել է նա։
Թրամփը նաև դիվանագիտության ներկայիս հաջողությունները կապել է Իրանի դեմ ամերիկացի զինվորականների գործողությունների հետ: Նա նշել է, որ ավելի վաղ իրականացված գործողությունը կանխել է Թեհրանում միջուկային զենքի հայտնվելը:
«Իրանի վրա հարձակումը շատ կարևոր էր։ Եթե դա տեղի չունենար նրանք, հավանաբար արդեն միջուկային զենք կունենային, ընդ որում՝ մի քանի հատ»,-ընդգծել է Թրամփը։