Ակրոպոլիսի թանգարանի տնօրենը կիսվել է Հայաստան կատարած այցի իր տպավորություններով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

 


Հանդիպմանը քննարկվել են հուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` Հունաստանի մշակույթի նախարար Լիինա Մենդոնիի հրավերով Աթենք կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև սեպտեմբերին Նիկոլայոս Ստամպոլիդիսի Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացը։


 

Ակրոպոլիսի թանգարանի տնօրենը կիսվել է Հայաստան կատարած այցի իր տպավորություններով` բնութագրելով դրանք որպես բացառիկ։ Միաժամանակ նա ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության ընթացքը։


 

Դեսպան Մկրտչյանը մեծ կարևորություն է տվել Հունաստանի հետ միջթանգարանային համագործակցությանը և երկկողմ ցուցահանդեսների անցկացման անհրաժեշտությանը։