Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հյուրընկալել է Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Շարլոտ Կիրոտարին, Գործակալության երկարաժամկետ խորհրդատու Օսլա ֆոն Հեյքինգ Դեյուսին և ծրագրերի ավագ ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնին։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
Կողմերը քննարկել են «Միգրացիայի կառավարման և ինտեգրման կարողությունների ամրակայում» հնգամյա ծրագիրը, որ հաստատվել է կողմերի միջև և կմեկնարկի ընթացիկ տարում։
Նելլի Դավթյանը գործընկերներին ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արդեն իսկ իրականացված թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային աշխատանքները, ուրվագծել առաջիկա քայլերը, պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվելիք նոր գործընթացները, միջազգային գործընկերոջ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Շարլոտ Կիրոտարը ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջև 2025-2029 թվականներին իրականացվելիք ծրագրի 5 թեմատիկ բաղադրիչները՝ նվիրված Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի կարողությունների զարգացմանը՝ տարբեր թեմատիկ ուղղություններով, գործընթացների թվայնացմանը, ինքնության հաստատման գործիքակազմի ձևավորմանը, ինքնության և փաստաթղթերի կեղծիքների դեմ պայքարին, աշխատանքային միգրացիային և ինտեգրման հարցերին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից։
Ծրագրի նպատակն է կատարելագործել Հայաստանի միգրացիայի կառավարման համակարգը, ապահովել տեղահանվածների և փախստականների արդյունավետ ինտեգրումը, նպաստել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, զարգացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կարողությունները միգրացիոն մարտահրավերներին դիմակայելու գործում և ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։