ՀՀ առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանը վերջին շրջանում հանդես է գալիս
ակտիվ քաղաքական հայտարարություններով։ Նա «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու
էր, նաև ՔՊ Արաբկիրի տարածքային խորհրդի անդամ։ Civic.am-ի տաղավարում Ավանեսյանը նշեց՝
քաղաքականությունը վերաբերում է մեր կյանքի բոլոր ասպեկտներին, և ինքը քաղաքականությամբ
իրականացնում է երկրի հետ կապված իր երազանքները. «Մեր երազանքն է ունենալ անկախ, ինքնիշխան պետություն՝ անվտանգ սահմաններով, համագործակցելով
հարևան երկրների հետ կառուցել բարեկեցիկ կյանք մեր ու մեր երեխաների համար»։
Ավանեսյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հանձնառություն է
վերցրել չշեղվել խաղաղության օրակարգից, և
այդ հանձնառությունն իր պտուղները տալիս է։
Նախարարը միևնույն ժամանակ նշում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի հստակ օրակարգ՝ խաղաղության օրակարգը, և դրանով է 2026 թվականին
ներկայանալու հանրությանը. «Սա է, որ ընդդիմադիր դաշտը բերում է ցայտնոտի։
Հասկանում ենք, որ նրանց օրակարգը խաղաղության դեմ աշխատելն է՝ պատերազմ, ո՛չ խաղաղություն,
անընդհատ կախված պատերազմ, որը Հայաստանը վերջին 30 տարիներին բերել է հայաթափման,
տնտեսական չզարգացման, երկրի պոտենցիալի չօգտագործման»։
Նա նաև համոզմունք ունի, որ քաղաքացիները ճիշտ ընտրություն են
կատարելու: «Մեր ժողովրդի, մեր մայրերի ամենակարևոր ցանկությունը հենց այն է, որ մեր երեխաներն
ապրեն անվտանգ երկրում»,- ընդգծեց նախարարը։
Դիտարկմանը, թե երկրորդ նախագահը համարում է, որ խաղաղությունը
ընդդիմության մենաշնորհն է, երրորդ նախագահը
դա կապիտուլյացիա է համարում, օրակարգին դեմ է նաև առաջին նախագահը, Անահիտ Ավանեսյանն
արձագանքեց. «Երկրորդ նախագահը մսխեց մեր ունեցած ձեռքբերումները,
Ղարաբաղը թողեց բանակցային գործընթացից դուրս, դրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը, և
ի՞նչ ձեռք բերեցինք՝ ոչինչ, ունեցանք ոչ օրինական իշխանություններ, և ժողովուրդն իր
որոշումը կայացրեց։ Մենք մեր ժողովրդի տված մանդատին համապատասխան գործում ենք ու չենք շեղվում այդ օրակարգից»։
Նախարարը խոսել է նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցերի
մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան