Մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանն ազատազրկվեց 16 տարի ժամկետով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի  546-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով, ինչպես նաև 545-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ևս 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Որպես վերջնական պատիժ պատժաչափերի մասնակի գումարման եղանակով Իշխան Վահանյանը ազատազրկվեց 16 տարի ժամկետով։


Վահանյանի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց ՀՀ զինված ուժերի մայորի զինվորական կոչումից զրկումը։


Մեղադրող դատախազը պահանջում էր 18 տարի ազատազրկում։


Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն: Բացի դրանից, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:


 

Վոլոդյա Հակոբյան