ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) սահմանված ձևի դիմում,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար,
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն,
5) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով,
6) առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
«ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար պետք է դիմում ներկայացնեն դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու կամ զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություններ ստանալու համար
ՆԳՆ ոստիկանություն են ներկայացնում․
1․ սահմանված ձևի դիմում,
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3. 3x4 սմ չափսի երկու լուսանկար,
4. պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով։
Առաջին անգամ զենք (բացառությամբ՝ սառը և նետողական), այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական ու գործնական քննությունները անցկացնում են ՆԳՆ կողմից լիցենզավորված կազմակերպությունները»,- ասված է հաղորդագրությունում։