Խաղաղությունն ամենօրյա հոգատարություն է պահանջում․ դեսպան Արման Խաչատրյանի ելույթը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը

Հոկտեմբերի 8-ին Փարիզի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, Օ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավյե Բերտրանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանը, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Սենատի փոխնախագահներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի անվանի մշակութային, հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ 



 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ներկայացուցիչների՝ Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեի և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի ելույթները։



Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանը գոհունակությամբ ընդգծեց, որ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բացառիկ սերտ միջպետական հարաբերությունները, որոնք հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, այսօր վերափոխվել են իրական ռազմավարական գործընկերության։ 



 




Դեսպանը կարևորեց վերջին երեք տասնամյակների ընթացքում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և խաղաղության ձգտումներին, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունն ու ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում հարատև խաղաղության և անվտանգության։ Ա․Խաչատրյանն իր խոսքում վերստին երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային՝ հայ ժողովրդի համար դժվար պահերին ցուցաբերած անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար: 






Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին՝ դեսպանն ընդգծեց դրա կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Նա հավելեց, որ խաղաղությունն ամենօրյա հոգատարություն է պահանջում և այն հնարավոր է միմիայն երկխոսության, համագործակցության, խաղաղության աստիճանկան ինստիտուցիոնալացման և վստահության համբերատար կառուցման միջոցով։ 


 


Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեն և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, վկայակոչելով հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաև Ֆրանսիայի նվիրվածությունը միջազգային իրավունքին՝ խորհրդարանի զույգ պալատների անունից վերահաստատեցին Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգության ամրապնդմանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սատարելու ԵՄ հետ մերձեցման ճանապարհին։ 





Ըդնգծվեց նաև, որ Ֆրանսիայի աջակցությունն իր արտացոլումն է գտել հայ ժողովրդի համար դժվար պահերին Սենատի կողմից միաձայն ընդունված բանաձևերում՝ այս համատեքստում առանձնանշելով 2024թ․ հունվարի 17-ին Սենատի կողմից ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության միաձայն ընդունված բանաձևը։


 


Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները շեշտեցին, որ «խաղաղությունը ձեռքբերում է, որ պահանջում է խիզախություն, հետևողականություն և վստահության կերտում։ Այն իր մեջ է ամփոփում Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման և վերագտնված անվտանգության հույսը, որը շուտափույթ պետք է  ամրագրել եզրափակիչ ստորագրությամբ և խորհրդարանի կողմից վավերացմամբ»։