Երբ Գյումրիի քաղաքապետը երգեց «Քաջ Արամ» երգը, շատ զարմացա. արդյոք նա տեղյա՞կ է երգի նախապատմությանը

Հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Երբ Գյումրիի քաղաքապետը երգեց «Քաջ Արամ» երգը, շատ զարմացա։ Որովհետև Արամը դաշնակցական է եղել, այն տարիներին, երբ Ռուսաստանը հալածում էր Արևմտյան Հայաստան մեկնող կամավորականներին, շատերին գնդակահարում սահմանին։ Իսկ Գյումրիի քաղաքապետը կարծես թե կապ չունի ՀՅԴ-ի հետ ու քարոզում է ռուսական կողմնորոշում։ Ուզում էի հարցնել՝ արդյոք տեղյա՞կ է Գյումրիի քաղաքապետը, թե ով է եղել Արամը, բայց չարեցի։ Ճիշտն ասած, խուսափում եմ մեր ոչ վաղեմի պատմության մեջ այն փաստերին անդրադառնալուց, որոնք հիասթափություն են առաջացնում՝ առանց էդ էլ դժվար ժամանակներ են։ Հետո տեսա, որ երգը դեռ տարածվում է, նույնիսկ մի քանի վայրկյան լսեցի։ Առաջին անգամ է երևի, որ երգի խրոխտ բառերը կլկլացնում են, բայց խոսքը էդ մասին չի։ 


Հայրենյաց դրոշակներ, / Ինձ հանել են մեր լեռներ, / Շուն թուրքի դեմ կռվելու, / Հայրենիքս ազատելու։ Ես Արամն եմ, քաջ Արամ, / Ինձ հանում են կախարան…Ահա երգից մի հատված։  


Արամին իսկապես կախաղան են բարձրացրել, օսմանյան դատարանի որոշմամբ, բայց պատճառը եղել է այն, որ նա մի հայի էր սպանել, նույնպես հեղափոխական Խաչատուր Կերեքցյանին։ Սա մի առասպելական անձնավորություն էր, Էրզրումում (Կարին) հիմնել էր «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը, 1881-ին, առաջիններից մեկը Օսմանյան կայսրությունում։ Այն շուրջ հինգ հազար անդամ ուներ, զինանոց, մասնաճյուղեր, հեղափոխական խորհուրդներ՝ Արևմտյան Հայաստանի ուրիշ վայրերում, և պատրաստվում էր ապստամբության։ 

Կազմակերպությանը աջակցելու համար մեղադրվել են ՀԱԵ երևելի գործիչներ՝ այդ ժամանակ Կարինի թեմի առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը, ապա նաև՝ Ներսես պատրիարքը, որի նստավայրը Պոլիսն էր… Խրիմյան Հայրիկը։ «Պաշտպան Հայրենյաց»-ը բացահայտվեց, ձերբակալվեց հինգ տասնյակից ավելի մարդ։ 1883 թ. նրանցից 40-ը դատապարտվեցին 5-15 տարվա կալանքի։ Չնայած այս դատավարություններին Աբդուլ Համիդ II-ը անձամբ էր հետևում, բոլորը համաներմամբ կամ անհատական կարգով ազատ արձակվեցին 2-3 տարուց, այդ թվում՝ Կերեքցյանը։ Հայ պատմաբանների կարծիքով, սուլթանը չէր ուզում խիստ պատիժներով ավելի բորբոքել ազգայնական տրամադրությունները։ Կամ, միգուցե, հույս ուներ, որ այդպես ավելի շուտ կխաղաղվեն։ 


Կերեքցյանը, սակայն, հիմնեց նոր՝ «Հայ հեղափոխական ընկերությունը» (Հակոբ Սարկավագի և Ներսես Իշխանյանի հետ) և շարունակեց գաղտնի գործունեությունը։ Մի քանի տարի անց հնչակյանների կուսակցությունը սաղմնավորվեց Ժնևում, 1890-ին՝ Դաշնակցությունը, Թիֆլիսում։ Բաց կթողնեմ Հակոբ Սարկավագի պատմությունը՝ նա սպանվեց նույն տարի, բայց սա առանձին մեծ թեմա է, 1891-ին «Քաջ Արամը» սպանեց Խաչատուր Կերեքցյանին։ ՀՅԴ տեղական կազմակերպության որոշումով։ Արամ Արամյանը ձերբակալվեց 1896-ին, կախաղան հանվեց 1899-ին, Կերեքցյանին սպանելու համար։ Դաշնակցական մեդիայում նա ներկայացվում է այսպես. «Արամ Արամյան (Աշոտ, Թաթուլ) (1870, Կարին — 1899, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ»։


Երգը լավ երգ է, ու ինձ շատ էր ոգևորում, երբ արգելված էր, ուսանողական տարիներիս։ Հիմա արգելված չէ, բայց երգելս չի գա, երբ ուզեմ, քանի որ գիտեմ նախապատմությունը։ Որը լավ կլինի մարդիկ իմանան երգելուց, առհասարակ իրենց պատմությունը մի քիչ իմանան։ Նախորդ գրառմանս մեջ Թումանյանի բանտային օրագիրն էի մեջբերել էս թեմայով, բայց Չարենցը չափածո է գրել.


   Ի՜նչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ

   Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ

   Ո՛չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը

   Ու կարոտով անմիտ ետ չնայի...


1-ին նկար՝ Արամ Արամյան

2-րդ՝ Խաչատուր Կերեքցյանի նկար չեմ կարողացել գտնել, երևի չկա կամ չի պահպանվել