Sհamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները հայտնաբերել ու բացահայտել են այս տարվա, կարելի է ասել, ամենաաղմկահարույց, խոշոր չափի գողության փորձի դեպք, ինչպես նաև՝ զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Նշված հասցե են ժամանել քրեական և համայնքային ոստիկանները, և տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Ռուսաստանի Դաշնության ինչ-որ զինվորական համազգեստով դիմակավորված 4 անձ, որոնք եղել են ատրճանակներով, մտել են Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող սեփական տուն, որի սենյակները տան տերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին, ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում՝ տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Կայքի տեղեկություններով՝ տուժածները Չինաստանի քաղաքացիներ են:
Քրեական, համայնքային ոստիկանները, Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, օրեր շարունակ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, տաք հետքերով, կարելի է ասել, ոչ միայն բացահայտել, այլև հայտնաբերել են կասկածյալներին և հանցագործության գործիք ատրճանակները:
Ըստ սկզբնաղբյուրի՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչ 40-ամյա Մհեր Ռ.-ն, իսկ նրա հանցակիցներն են Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ 38-ամյա Մախմուդով Մ.-ն, 38-ամյա Ուսմանով Դ.-ն, 37-ամյա Կասիմով Մ-ն, 42-ամյա Յատիմով Հ.-ն, 45-ամյա Ջոմախմադով Մ.-ն, 28-ամյա Սատորով Մ.-ն, 43-ամյա Շոյեվ Դ.-ն և 27-ամյա Սայիդով Ֆ.-ն:
Քրեական ոստիկաններին հաջողվել է Երևանում և մարզերում հայտնաբերել նշված անձանց և ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին:
Կայքի հաղորդմամբ՝ վերջիններիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը, այդ թվում՝ պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումարի մեծ մասը, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող 4 ատրճանակները: