ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը լավագույնն է, որ կա սեղանին, բայց պաղեստինյան խնդիրը դրանով չի ավարտվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Նախագահ Թրամփը առաջ է քաշել իր ծրագիրը,
որը մենք մեկ անգամ չէ, որ գնահատել ենք որպես լավագույնը, որ այսօր կա բանակցությունների
սեղանին։ Չնայած դրանով, անշուշտ, պաղեստինյան խնդիրը չի ավարտվում, բայց, այնուամենայնիվ,
անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունը, լուծել ծանրագույն մարդասիրական
խնդիրները…»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտավախություն ունի Գազայի
ճգնաժամի կրկնությունից և կոչ է անում բոլոր ներգրավված երկրներին թույլ չտալ իրավիճակի
նման զարգացում։
«Մենք ՀԱՄԱՍ-ի շարքերից, Թել Ավիվից
հայտարարություններ ենք լսում այն մասին, որ դեռ ամեն ինչ չի ավարտվել, և որ
ճգնաժամը կարող է կրկնվել»,- նշել է ռուս նախարարը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության
ղեկավարի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը
պահանջում է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը։
Նա նշել է, որ Ռուսաստանը անկեղծորեն
հաջողություն է մաղթում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում Գազայի հատվածի հարցի կարգավորման
գագաթնաժողովին։
«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում
Շարմ էլ Շեյխում այսօրվա գագաթնաժողովին, որին, ինչպես ես հասկանում եմ,
մասնակցում են ավելի քան 20 երկրներ»,- ասել է Լավրովը և հավելել, որ Ռուսաստանը
պատրաստ է մասնակցել մերձավորարևելյան հարցի կարգավորման ցանկացած ձևաչափի։