«Մարտի 1-ի» վերաբերյալ ՄԻԵԴ վերջին վճռից հետո Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը հնարավոր է և պետք է լրացվի. փաստաբան

Ավելի վաղ անդրադարձել էինք «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» մարտի 1-ի 9 զոհերի վերաբերյալ ՄԻԵԴ վճռին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին և ցինիկ արդարացումներին։ Նաև՝ իր ձևակերպմամբ՝ վճռի «մեխին», որը նախկին նախագահի ընկալմամբ՝ ոչ թե այն էր, որ «պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման», այլ այն, որ «Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ»։


Թո որն է ՄԻԵԴ վճռի «մեխը» և որը «մուրճը»՝ civic.am-ը փորձեց պարզել Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանից։ Վերջինս նախ պարզաբանեց, թե ինչի մասին է ՄԻԵԴ վճիռը՝ մասնավորապես նշելով. «Երեք կարևոր խախտման կետ կա, որ պետք է ֆիքսել։ Մասնավորապես դրանցից մեկով  Դատարանն արձանագրել է, որ դիմողների՝ բացառությամբ երկուսի (Զաքար Հովհաննիսյանի և Սամվել Հարությունյանի-խմբ.), մահը, նրանց մահ պատճառելու ազդեցությունը վերագրվի պետությանը՝ անհիմն համարելով կառավարության բոլոր դիրքորոշումներն առ այն, որ այդ անձանց  մահը պետության միջամտության հետևանք չէ։ Այսինքն՝ Դատարանը  նրանց մահ պատճառելու հարցում ճանաչել է պետության մեղավորությունը, բնականաբար, այստեղ պատասխանատու է պետական իշխանությունը իրականացնող ամբողջ շղթան։ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով սահմանված՝ կյանքի իրավունքի ապահովման և երաշխավորման ողջ բեռն ընկնում է այդ՝ մահերը պատճառելու ժամանակահատվածում իշխանությունն իրականացրած բոլոր բարձրաստիճան, այդ թվում՝ այդ գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնատար անձանց վրա։ Դատարանը նշում է, որ հիշյալ գործողությունները (որոնք հանգեցրել են մահվան-խմբ.) հենց պետական իշխանության կողմից հրահրված և հանձնարարված գործողություններ էին»։ Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում փորձել էր չքմեղանալ, թե՝ ՄԻԵԴ հայցն իր օրոք չի ուղարկվել, այ եթե իր օրոք ուղարկված լիներ, ինքը, ենթադրաբար, արդյունավետ կերպով կպաշտպաներ Դատարանում։ «Ավելի քան 7 տարի քննչական մարմինները ենթակա են վարչապետին, բացահայտե՛ք։ Հենց առաջին նիստին «Մարտի 1»-ի հետ կապված՝ իմ փաստաբանները պնդում էին՝ բացահայտեք»,- փրփուրը բերանին ազդարարում էր «Մարտի 1-ի» գործով ամբաստանվող նախկին նախագահը։


Տիգրան Եգորյանը  «պետության կողմից հրահրված, հանձնարարված գործողությունների» մասին խոսելիս նկատեց՝  դրանք կատարվել են ըստ 0038 հույժ գաղտնի հրամանի և հետևաբար իրենց ամբողջ հետևանքների ծանրությամբ վերագրվում են այդ ժամանակվա իշխանությանը (https://www.youtube.com/watch?v=iWOC8kOg5bU)։ «Այնուհետև գալիս է պատասխանատվության երկրորդ շերտը, որը ձգվում է մինչև օրս։  Որ՝ ՀՀ-ն ձախողել է կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության իրականացումն  ու կյանքի իրավունքի խախտման գործերով ընթացակարգային իրավունքների ապահովումը՝ սպանված անձանց ազգականների, որը ևս ընթացակարգային իրավունքների խախտում է համարվում։ Այս մասով արդեն այդ՝ մահը պատճառելու կետից մինչ այն կետը, երբ կբացահայտվեն պատասխանատուները և կենթարկվեն պատասխանատվության, պետությունը և հետևաբար այդ ընթացքում բոլոր իշխանությունները, ովքեր չեն բացահայտել վերոհիշյալ հանգամանքները, կրում են պատասխանատվություն»։ Նկատեցինք՝  մասնավորապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ինչպես պարզվեց 2018 թվականից հետո հարուցված՝ Մարտի 1-ին առնչվող մի շարք քրեական գործերով, պետական ապարատը լծված է եղել Մարտի 1-ի ողբերգության բոլոր դրվագների կոծկման, ապացույցների կեղծման գործին (առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած տեղազննության փաստաթղթերից մինչև արտակարգ դրություն հայտարարելուց հետո Երևանի կենտրոնում արձանագրված մահվան դեպքեր)։ Մինչդեռ այս կեղծիքների մասին իմացող Քոչարյանը գործող  իշխանությանն է  մեղադրում  իր օրոք տեղի ունեցած ողբերգության, մասնավորապես՝ զոհերի մահվան հանգամանքների չբացահայտման համար։ Եգորյանը նկատեց՝ պարզ է, որ նախկին նախագահի կողմից հնչեցվածը մանիպուլյատիվ հայտարարություն է։ «Նախ՝ ՄԻԵԴ-ի վճռի «մեխը» և «մեխերը», եթե կուզեք՝ գլխավոր խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ իր տված հանձնարարությունների կատարման  նպատակով նախաձեռնված գործողությունների արդյունքում պետությունը սպանել է մարդկանց։ Այ «մեխը» սա՛ է, այն, որ ի՛ր հանձնարարությունների, պետության կողմից ուժի կիրառման միջոցառումների հետևանքով մարդիկ են սպանվել»։ Այսինքն՝ Քոչարյանը թողած իր՝ որպես պետության նախկին ղեկավար, պատասխանատվության հանգամանքը, որը ենթադրում էր հոգալ իր քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանությունը, մուննաթ է գալիս, թե ինչու իր օրոք պետության գործողությունների հետևանքով քաղաքացիների կյանքի իրավունքի խախտման մեղավորները մինչև հիմա չեն բացահայտվել։ «Այ այդ երկրորդ հարցով պատասխանատվության առյուծի բաժինն ընկնում է Քոչարյանին հաջորդած իշխանության (մինչև 2018 թիվը) ուսերին։ Այն է՝ ապացույցների կեղծմանը, գործերի քողարկմանը, խճճմանը և չբացահայտմանը միտված բոլոր գործողությունները։ Ինչ վերաբերում է 2018-ից հետոյին, ապա նշենք, որ այդ շրջանում մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ  առանցքային պաշտոնատար անձանց՝ ՀՀ գլխավոր-գերագույն հրամանատարից սկսած մինչև հիմնական, առանցքային պաշտոնները զբաղեցրածներ, իրականացվել է քննություն։ Այսինքն՝ առնվազն էական տեղաշարժ քրեական գործերով և դրանցով տեղի ունեցած առաջընթաց մենք տեսնում ենք միայն 2018 թվականից հետո։ Ճիշտ է՝ չենք տեսնում այդ գործերի լիարժեք բացահայտում, որոշ ձախողումներ ենք տեսնում, երբ, օրինակ, «Չերյոմուխա» հատուկ միջոց կիրառածների նկատմամբ քրեական գործերը կարճվում են, բայց, ամեն դեպքում,  պետք է տարանջատենք հիմնական «մեխը» (կյանքի իրավունքի խախտումը-խմբ.), որը հասցեագրվում է հենց Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածին։ ՄԻԵԴ վճռի  մյուս կարևոր «մեխն» էլ այն է, որ մի ամբողջ 10-ամյակ այդ հանցագործությունների արդյունավետ քննության փոխարեն իրականացվել է «արդյունավետ չքննություն»՝ քողարկում։ Սա արդեն Քոչարյանին հաջորդած իշխանության պատասխանատվության մասին արձանագրում է։ Գալով գործող իշխանության պաշտոնավարման շրջանին՝ նշենք՝ այն մասով, որ մասով 2018-ից այս կողմ իրականացված քննությունը ձախողվել է կամ կձախողվի, այդ մասով էլ և այդքանով էլ  պատասխանատու է և պատասխանատու կլինի գործող իշխանությունը։  Բայց՝ միայն այդքան մասով»։


Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ վճիռը Ռ. Քոչարյանի մեղադրանքը լրացնելու հիմք դառնա,  մեր զրուցակիցն արձագանքեց՝ «կարծում եմ, որ պե՛տք է դառնա, որովհետև կարևոր հանգամանքներ կան, որոնք պետք է, բնականաբար, դառնան մեղադրանքը լրացնող նյութեր»։ Թե մասնավորապես ի՞նչ նյութերի մասին է խոսքը՝ փաստաբանն առայժմ ձեռնպահ մնաց հայտնելուց՝ նկատելով. «Դրանք դատախազության կողմից կատարվելիք գործողություններն են, հետևաբար նաև մեղադրանքի կողմում գտնվող մասնակիցների համատեղ քննարկման խնդիր են»։


Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը 2021 թվականին արդարացվել էին, նրանց նկատմամբ հարուցված գործը կարճվել էր, քանի որ դրանից առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց առաջադրված հոդվածը։ 


Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ին մասնակի բավարարել էր Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում էր Մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործին։ ՍԴ-ի որոշման համաձայն՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել: Գործը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել 2024 թվականի սեպտեմբերի 2-ին։  


 Հեղինե Մանուկյան