Վերջում պարզվելու է՝ «Մեր ձևովը» «Ձև չունենալն է», Կրեմլի վասալը մնալու խնդիր են լուծում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի կարծիքով՝ հանրային դաշտում «Մեր ձևով»-ի նկատմամբ գերքարոզչություն է իրականացվում: «Մինչ այսօր ինչ հայտարարություններ եղել են՝ «Մեր ձևով» բանաձևի տակ որևէ նորություն չկա։ Ի՞նչ են ասում՝ միասնությո՞ւն. միասնությունով այնքան են մարդկանց ականջները սղոցել, որ միասնությունը կարծես թե բովանդակազրկվել է, հանուն ինչի՞ ես մարդկանց կոչ անում քեզ միանալ»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։ 


Ադամյանի դիտարկմամբ՝ եթե Սամվել Կարապետյանի՝ Forbes-ի միլիարդատեր լինելու հանգամանքը չլիներ, ապա այդքան մեծ ուշադրություն  լրատվական դաշտը նրան չէր դարձնի: «Այսինքն՝ այստեղ ամբողջ «Մեր ձևը» ֆինանսական տոպրակի է վերածվում։ Այստեղ կա ակնհայտ փաստը՝ խոստումների հիմք ֆինանսները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են, իսկ այնտեղ ՀՀ ֆինանսներ չեն գա, եթե իրենց սրտի թեկնածուն չլինի իշխանություն։ Այսինքն՝ այդ բոլոր խոստումները մնալու են զուտ խոստում»,- նկատեց նա։  


Մեր զրուցակցի խոսքով՝ վերջում պարզվելու է, որ «Մեր ձևով»-ը ընդհանրապես «Ձև չունենալն է». «Որևէ մեկի համար գաղտնիք չի կարող լինել, թե ինչո՞ւ էր Երևան եկել Սամվել Կարապետյանը, ո՞ւմ է գաղտնիք, թե ինչ քաղաքականության են իրենք դավանում, ո՞վ է կասկածում, որ նրանց խնդիրը բնավ ՀՀ ինքնիշխանությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության՝ իբրև կախյալ պետության խնդրի, Կրեմլի վասալը մնալու խնդրի լուծումը։ Եթե սա է Հայաստանի Հանրապետության զարգացման լուծումը,  ապա թող վերադառնան Մոսկվա։ Այն պարարտ հողը, որտեղ Կրեմլը կարող էր իր համար բարեբեր բերք աճեցնել՝ ինքն իր ձեռքով ոչնչացրել է»։


Անահիտ Ադամյանը ազգային դավաճան է համարում բոլոր այն մարդկանց, որոնք շարունակում են ՀՀ ինքնիշխանությունը սակարկման առարկա դարձնել ու աճուրդի դնել։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում