Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները

Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը: 


Ալի Աքբար Սալեհը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու դրա արդյունքում ընձեռվելիք հնարավորությունները:


Քննարկվել են երկու երկրների  փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսական և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող նախաձեռնությունների կյանքի կոչմանն ու դրանց իրականացմանը միտված ջանքերը: