ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը հերքում է լրատվամիջոցներում տարածվող լուրերն այն մասին, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տեղաշարժմամբ պայմանավորված՝ երթևեկությունը կաթվածահար է լինում։
«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` վարչությունից նշեցին. «ԶԼՄ-ներով տարածվել է տեսագրություն, որով գնահատականներ են տրվում, թե ՆԳ նախարարի տեղաշարժմամբ պայմանավորված՝ երթևեկությունը կաթվածահար է լինում։
Ցանկանում ենք հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե հատվածային տեսանյութի հրապարակմամբ կարող են իրենց ակնկալիքները բավարարել և ապատեղեկատվությամբ թյուր տպավորություն ձևավորել։ Տվյալ հատվածում ՆԳ նախարարին սպասարկող տրանսպորտային միջոցը խաչմերուկում կանգառ է կատարել՝ կարմիր լույսի և խաչմերուկը կարգավորող պարեկների հրահանգին հետևելով, որի ընթացքում դիմացի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները շարունակել են իրենց երթևեկությունը:
Ավելին, խաչմերուկում երթևեկությունը կարգավորող պարեկը շարունակել է թույլատրել դիմացի փողոցով անցնող տրանսպորտային միջոցների երթևեկությունն անգամ այն պայմաններում, երբ արդեն հատող փողոցում կանաչ լույսի հրահանգի ներքո ՆԳ նախարարին սպասարկող տրանսպորտային միջոցը շարունակել է մնալ կանգնած․ սա բնական է, պարեկն ինքն է գնահատում երթևեկության հոսքերի ինտենսիվությունը և կարող է ցանկացածի, այդ թվում՝ նախարարի տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնել, ըստ առաջնահերթության կարգավորել տվյալ հատվածի հոսքերը։ ՆԳ նախարարին սպասարկող տրանսպորտային միջոցը հատում է խաչմերուկը կանաչ լույսի միայն վերջին վայրկյաններին, երբ պարեկը թույլատրում է տվյալ ուղղության երթևեկը։
Հարկ է նշել, որ խաչմերուկում ոստիկանության ծառայողների կողմից կարգավորման դեպքում, առաջնահերթությունը տրվում է վերջիններիս հրահանգներին, այլ ոչ թե երթևեկության կահավորումներին»։ Կցված տեսանյութում երևում է նկարագրվածը։ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից նշեցին, որ քաղաքի բանուկ խաչմերուկները կարգավորում են ոստիկանության ծառայողները՝ ըստ հոսքերի ինտենսիվության։
«Նրա համար, որ ՆԳ նախարարը բնակվում է որևէ թաղամասում, տվյալ թաղամասի հարյուրավոր բնակիչները չպետք է տուժեն և սպասեն երթևեկության մեջ՝ առանց կարգավորման, միայն նրա համար, որ որոշ շրջանակների ակնկալիքները բավարարվեն։ Ավելին, որևէ խաչմերուկում որևէ կարգավորումը չպետք է կապել անձի՝ տվյալ թաղամասում բնակվելու հետ», - նշեցին ՆԳՆ-ից։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը հորդորում է ԶԼՄ գործընկերներին չտարածել ապատեղեկատվություն, ցանկացած հարցի դեպքում դիմել՝ պարզաբանում ստանալու նպատակով։
«Հատկանշական է նաև, որ կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով ուղեկցվող տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված կարգով ըստ անհրաժեշտության կարող են շեղվել երթևեկության կանոններից, ուստի պետք չէ նման տրանսպորտային մեքենաների տեղաշարժը թիրախավորել ու դա որպես օրենքի խախտում կամ սենսացիա ներկայացնել։ Այդուհանդերձ, ՆԳ նախարարը պարբերաբար անձամբ է հետևում իրեն սպասարկող տրանսպորտային միջոցների շարժին և հանձնարարում մոնիթորինգի ենթարկել տարբեր դեպքեր», - հավելեցին ՆԳՆ-ից։