«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ՀՀ դատախազություն ներկայացրած հաղորդման մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հրապարակային հայտարարություն է արել, ըստ որի՝ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։
ԻՔՄ-ից շեշտում են, որ քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը։ ՀԿ-ն նշել է, որ նմանատիպ քայլեր ձեռնարկում են «ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում»։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է նաև, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ «որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»։