Թե որ քաղաքական ուժն է լինելու իշխանություն,
որը՝ ընդդիմություն, որոշում է բացառապես մեկ սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին։ ՔՊ-ն էլ 2026-ի
ԱԺ ընտրություններին վերաբերող բոլոր հնարավոր կանխատեսումներն արել է և պատրաստ է
բոլոր սցենարներին, հատկապես որ ՀՀ ընդդիմությունն առանձնապես աչքի չի ընկնում անկանխատեսելիությամբ։
Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն արդյոք պատրա՞ստ է հակազդել
2026 թ. ԱԺ ընտրություններից հետո կիրառվելիք «Գյումրի 2» սցենարին, որի մասին ազդարարում
է ընդդիմությունը։
«Գյումրիի սցենարը ընդդիմությունն առաջինը
փորձարկեց 2023 թ. Երևանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, սակայն ձախողվեց։ Գյումրիի
նախադեպը, այսպես ասած, առաջին «հաջողված» փորձն էր։ Ոգևորված այդ փորձի հաջողությամբ
՝ ընդդիմությունը նույն էֆեկտը փորձելու է ստանալ նաև 2026-ի համապետական ընտրությունների
ժամանակ և ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար։ Բայց ուզում եմ հիշեցնել ընդդիմությանը՝ ՀՀ-ում ընտրություն
կատարում է ՀՀ քաղաքացին, և ըստ այդ ընտրության էլ կլինի ապագա խորհրդարանի ձևավորումը։
Իշխանությունը որևէ խախտում թույլ չի տալու ընտրությունների ժամանակ, ընդդիմությունն
էլ չի կարողանա որևէ դավադրություն անել»,- հայտարարեց Բադալյանը՝ միաժամանակ նշելով.
«Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին զգա իր
կարևորությունն ու պատասխանատվությունը, որը սահմանվում է իր կատարած ընտրությամբ։ ՀՀ քաղաքացին իր ապագան որոշում է ի՛ր ընտրությամբ։ Մենք, պետք է խոստովանենք, մինչ
այս այդ լրջությամբ չենք մոտեցել ընտրություններում մեր պատասխանատվության հարցին։
Հուսով եմ, որ վերջին տարիներին ՀՀ-ում տեղի
ունեցած զարգացումներն այնքան են թրծել քաղաքական միտքը, որ այս ընտրությունների ժամանակ
մենք բոլորս կզգանք այդ պատասխանատվությունը»։ Մասնավորապես Գյումրիի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի
հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով Վարդան Ղուկասյանին ձայն տալը, ըստ Բադալյանի,
անպատասխանատվություն էր։ «Վարդան Ղուկասյանը երբ հայտարարեց՝ ովքեր դեմ են
Միութենական պետությանը, նրանք թրքահպատակ շանորդի են, նրա այդ հայտարարությունից նրան
քաղաքապետ դարձրած քաղաքական ուժերն իրենց վատ չե՞ն զգում, չե՞ն հասկանում, որ անպատասխանատու
քայլ են արել, առաջնորդվել են քաղաքական հակակրանքներով, այլ ոչ թե իրենց քաղաքի կառավարումն
այսպիսով ավելի լավը դարձնելու մղումով»,- նշեց Բադալյանը։
Անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի քաղաքական հայտին և հարցին՝ արդյոք նա ինքնուրո՞ւյն է մտել քաղաքական
պայքարի մեջ, թե՞ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, պատգամավորն արձագանքեց.
«Արման Թաթոյանը ընդդիմության «Պլան Բ-ն» է»։
Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք նաև Սամվել
Կարապետյանի պաշտպան Ռ․ Ամստերդամի՝ երեկ արած
սկանդալային հայտարարության, Ադրբեջանի
քաղաքական վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող «Խաղաղության ակտ» օրինագծին ՀՅԴ-ի
բարձրախոս ANCA-ի հայտարարության
և այլ հարակից թեմաների մասին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Հեղինե Մանուկյան