Ընդդիմությունը դրոշակ է սարքել անմեղության կանխավարկածն ու իշխանությանը մեղարդում է Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ այն դեպքում, երբ, ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մեջ է նշվում՝ Ղուկասյանը ոչ հերքել, ոչ հաստատել է իրեն մեղսագրվող արարքը՝ տալով սեփական պարզաբանումները։ Ավելին, կալանավորած մյուս անձինք հանդես են եկել ինքնախոստովանական ցուցմունքներով։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով Գյումրիի համայնքապետի կալանավորմանն ու նրան առաջադրված կաշառքի գործով մեղադրանքին։ Ազարյանի խոսքով՝ Ղուկասյանի դեմ իրավապահների իրականացված գործողություններն իրավաչափ էին, իսկ ինչ վերաբերում է Ղուկասյանին քաղաքապետ դարձրած քաղաքական ուժերի՝ անմեղության կանխավարկածին հղում անող հայտարարություններին, ապա նրանք, ըստ պատգամավորի, պետք է նման ելույթների փոխարեն խոսեն իրենց բաժին պատասխանատվության մասի։ «Ինչ է նշանակում՝ մենք ընտրել ենք քաղաքապետ, իսկ նրա արարաքների, գործողությունների համար պատասխանատվություն չենք կրում։ Դա նույնն է, որ չորս հոգով գնան գողություն անելու, երեքը բռնվեն, չորրորդն էլ ասի՝ ես կապ չունեմ, ես ասում էի, չէ՞, գողություն անել պետք չի, բռնվելու ենք»։
Անդրադառնալով հարցին՝ քարոզչական
առումով ի՞նչ ազդեցություն կունենա Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացված գործընթացը
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների վրա, հնարավո՞ր
է ընդդիմադիր համայնքապետի կալանավորման փաստը կոնսոլիդացնի ընդդիմադիր ընտրազանգվածին՝
պատգամավորն արձագանքեց՝ ՔՊ—ի թեկնածուն հարգված,
ճանաչված անձ է եւ վաղարշապատցիները կոնսոլիդացված գնալու եւ իրենց վստահության քվեն
տալու են ՔՊ—ի ընտրական ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին։ Անդրադառնալով ընդդիմադիր
շրջանակների կողմից Մեխակյանի ննջեցյալ հոր հիշատակը շահարկելուն, թե՝ հայրը՝ Մեխակ
Մեխակյանը, հանուն Ղաղարաբաղի զոհվել է, իսկ ինքը գլխավորում է Ղարաբաղը հանձնած ուժի
ցուցակը՝ Ազարյանը նկատեց՝ նման արարքը «քաղաքական անբարոյականություն է»։ «Մեր թեկնածուն այնպիսին
է, որ նրա անունը սեւացնելու որեւէ պատճառ չեն գտնում, ստիպված սկսում են զբաղվել քաղաքական
անբարոյականությամբ»,-նկատեց մեր զրուցակիցը։
«Մեր ձեւով» շարժմանն անդրադառնալով
էլ, թե՝ իշխանությունը վախենում է այդ շարժման հովանավոր ու առաջնորդ Սամվել Կարապետյանի
հանրային վստահությունից, նրա շուրջ տեղի ունեցող հանրային կոնսոլիդացիայից, այդ պատճառով
էլ «փակի տակ է» պահում գործարարին ու արշավ
իրականացնում հիշյալ շարժման դեմ՝ ՔՊ խմբակցության
պատգամավորը նկատեց՝ ինչի՞ց պետք է վախենա իշխանությունը, եթե արդեն իսկ ձայնագրություններ
են ի հայտ եկել, որոնք վկայում են, որ ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպվող
հավաքներին մարդկանց վճարի դիմաց են ներգրավում։
Ջ․Ազարյանի հետ խոսել ենք նաեւ Գարեգին Բ-ին վեհարանից դուրս դնելու իշխանության
պլանի, երկու հոգեւորականների միջեւ ծավալված երկխոսության ձայնագրության մասին, որից
պարզ է դառնում, որ Կաթողիկոսը եկեղեցականներից
մեկին հորդորել է մորը վերցնել, մասնակցել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերի։
Հեղինե Մանուկյան