Սամվել Կարապետյանի «տերը» ՀՀ ժողովուրդը չէ, այլ՝ օտար կայսրը

«Ադրբեջանի տարածքով առանց արգելքի Հայաստան հացահատիկի ներկրումը համարում եմ պատմական իրադարձություն»,-անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղազախստանում արած  հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը հանում է իր տարածքով դեպի ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ արգելքը՝ ազդարարեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։ «Տեղի ունեցածը ես դրական մեծ իրադարձություն եմ համարում, և այո, խաղաղության փաստաթղթից անցում ենք կատարում նաև պրակտիկ քայլերի։ Թեև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի չի ունեցել, սակայն նման գործընթացը, մասնավորապես տարանցիկ ուղիների ապաշրջափակումը կարևոր պրակտիկ քայլ է փաստաթղթի ստորագրումից առաջ։    Հայաստանը 30 և ավելի տարի  շրջափակման մեջ է, և այսքան տարի հետո Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է ՀՀ ցորենի ներկրման համար։ Սա, վստահ եմ, Ադրբեջանն անում է այն պատճառով, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, որ խաղաղությանը միտված իր ցանկություններն իրական են, և իհարկե, այս ցանկությունների մեծ ու կարևոր բաղադրիչը տնտեսական շահն է նաև»։ Ըստ Խաչատրյանի անձնական կարծիքի՝ եթե ոչ մինչև 2026 թվականը, ապա 2026-ի կեսերին արդեն իսկ կունենանք խաղաղության ստորագրված պայմանագիր։ 

 

Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու՝ երկու տարուց մեկուկես տարի դարձնելու նախաձեռնությանը՝ Խաչատրյանը նկատեց․ «Մենք կառավարության 2021-2026  թվականների ծրագրում ենք այդ մասին արձանագրել և ահռելի ծավալի բարեփոխումներ ենք արել, որպեսզի կարողանանք նման քայլի գնալ։ Ամենակարևորներից մեկը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է։ Երբ այս ծրագիրը արդեն օրենքի տեսք ստացավ, առաջին փուլում այդքան ակտիվություն չնկատվեց, բայց հիմա շատ ամեծ ակտիվություն կա։ Բազմաթիվ մեր երիտասարդներ դարձել են հիշյալ ծրագրի շահառուներ և 5 տարի մնալու են բանակում։ Նրանց թիվը գնալով ավելանում է։ Հենց այս ծրագրի շնորհիվ էլ մենք կարողանում ենք բանակը դարձնել տարիուկես»,-նշեց Խաչատրյանը։

 

Պատգամավորը, խոսելով երկրի ռազմավարական զարգացման տեսլականի վերաբերյալ իշխանության և ընդդիմության տարբերությունների մասին, նկատեց․ ««Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմության միջև տարբերությունն այն է, որ մեր տերը ՀՀ ժողովուրդն է, մենք ՀՀ ժողովրդի ծառաներն ենք, իսկ ընդդիմության տերը ՀՀ ժողովուրդը չէ, ընդդիմության տերը այլ երկրի կայսրն է կամ կայսրներն են։ Եվ նրանք այդ երկրի ծառաներն են և ոչ երբեք՝ հայ ժողովրդի։ Տարբերությունն այ սա է»։

 

Արմեն Խաչատրյանի հետ խոսել ենք նաև «Մեր ձևով» շարժման՝ կալանքի տակ գտնվող առաջնորդ Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնությունների, նրա՝ այլ երկրի՞,  թե՞ հայ ժողովրդի «ծառա» լինելու, Գյումրիի քաղաքապետի կալանավորման ուղերձի ու այլ հարակից թեմաների  մասին։

 

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան