Եկեք մեկընդմիշտ տարբերակենք եկեղեցին կտրիճներից և կտրիճանման կերպարներից

«Մարտուն Գրիգորյանի ելույթը, թե՝ ՔՊ-ն արյունահեղություն է ուզում Գյումրիում, ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, ինչ էր ուզում այդպիսով ասել պարոն Գրիգորյանը։ Էդ մարդը ո՞ւմ հետ է կռիվ տալիս, գյումրեցիների ասածի պես՝ իր շողքի՞։ Ինքն իր ավագանու անդամների միջոցով քվորում ապահովեց,  քաղաքապետ դարձրեց Վարդան Ղուկասյանին, այսօր հայտարարում է՝ դուք ինձ չլսեցիք, ես ասում էի՝ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չէ»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ, Գյումրիից ընտրված պատգամավոր Էմմա Պալյանը՝ շեշտելով՝ զուր է Գրիգորյանը հետին թվով փորձում արդարանալ ու իր վրայից գցել տեղի ունեցածում իր  պատասխանատվության  բաժինը։


Անդրադառնալով հարցին՝ արդյոք բնականոն աշխատո՞ւմ է համայնքապետարանը, թե՞ հնարավոր է, որ Վարդան Ղուկասյանի աջակիցները սաբոտաժի դիմեն, քաղաքապետարանի բնականոն աշխատանքը «իքս» պահից խաթարեն՝ պահանջելով, որ Ղուկասյանն ազատ արձակվի, Պալյանը նկատեց. «Գյումրին, ցավոք, այնպիսի մարդկանց ձեռքում է այս պահին, որ քաղաքապետարանի բնականոն աշխատանքի մասին կդժվարանամ բան ասել։ Բնականոն աշխատանքն այդ մարդկանց համար եղել է կաշառակերությամբ զբաղվելը, արատավոր վարքեր ու բարքեր ցուցաբերելը»։ Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մի շարք այլ պաշտոնյաների կալանավորման բերումով ի հայտ եկած իրավիճակը հաղթահարելու համար քաղաքական որոշում կայացվի՝ ավագանին վայր դնի իր լիազորությունները, ու նշանակվեն արտահերթ ՏԻՄ ընտրություններ՝ Պալյանը նշեց «Նախ պետք է հասկանանք՝ իրավական տիրույթում ի՞նչ հանգուցալուծում կունենա այս գործը։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել՝ տեղի ունեցածում  քաղաքական տարր փնտրելն ու գործընթացը  «քաղաքական հետապնդում» անվանելն  անիմաստ է։ Սա բացառապես իրավական  պրոցես է։ Վարդան Ղուկասյանը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, կաշառակերությամբ է զբաղվել, ինչի համար այսօր կրում է պատասխանատվություն։ Բայց եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակ լինի, կամ ելքը դա լինի, ապա, ես վստահեցնում եմ ձեզ,  ՔՊ-ն ձայների բացարձակ մեծամասնությունը կստանա»։


Էմմա Պալյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ պատրաստ են կանգնել կաթողիկոսի կողքին։ «Նման սատարումները վկայում են, որ Կտրիճ Ներսիսյանը նույն քոչարյանասերժական բանդայի ներկայացուցիչն է»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով՝  «ես ուզում եմ մեկընդմիշտ տարբերակենք եկեղեցին կտրիճներից և կտրիճանման կերպարներից»։


ՔՊ խմբակցության պատգամավորի հետ խոսել ենք նաև «Մեր  ձևով» շարժման կողմից Վարդան Ղուկասյանին հապճեպ աջակցություն հայտնելու, այդ ուժի առաջնորդի քաղաքական ամբիցիաների և այլ հարակից թեմաների մասին։


Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։

 Հեղինե Մանուկյան