Փաշինյանի հակառակորդները բռնապետական հակումներով ուժերն են

Հրապարակախոս Գագիկ Քամալյանի կարծիքով՝ եկեղեցու շուրջ առաջացած խնդիրն ունի նաև պատմական համատեքստ: «Պետք է արձանագրենք, որ  մեր եկեղեցին ժողովրդի պատմության անբաժանելի մասն է։ Այսինքն՝ այնպիսի պատմություն, ինչպիսին ունեցել է ժողովուրդը, այդպիսի պատմություն ունի նաև եկեղեցին։ Հայ ժողովուրդը դարերով չի ունեցել պետականություն, և դրա սինդրոմները այսօր պահպանվել են թե՛ հասարակության և թե՛ եկեղեցու ներսում։ Գումարած՝ խորհրդային ազդեցությունը,  որը  պահպանվում է եկեղեցում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Քամալյանի՝ եկեղեցին չի հարմարվում  այն իրողության հետ, որ հայ ժողովուրդն ունի պետականություն. «Եկեղեցին իրականությանը դեռևս նայում է օտար կայսրության աչքերով։ Եթե մենք նայենք, թե մեր պետությունն ինչի արդյունքում է առաջացել՝ դա գլոբալ պրոցեսի արդյունք է, երբ ազատական աշխարհը հաղթեց կոմունիստական դիկտատուրային, որի արդյունքում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը»։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեր հանրապետության ծնվելու բովանդակային իմաստը հենց ժողովրդավարությունն է. «Բայց այսօր բազմաթիվ եկեղեցականներ խոսում են, որ ժողովրդավարությունը մոլորություն է և մեզ պետք չէ։ Այստեղ խնդիրը Փաշինյանը չէ, նրա փոխարեն ես լինեմ իշխանության ու ասեմ, որ մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով՝ այսպես է լինելու։ Հենց այդ ժողովրդավարության դեմ են այսօրվա եկեղեցականները խոսում։ Նույնիսկ այն քահանան, որ հիմա ընդվզել է Կաթողիկոսի դեմ, երբ խոսում է իր քաղաքական պատկերացումներից՝ կրկին հասկանում ես, որ դեսպոտական պատկերացումների հակում ունի՝ Կադիրովի հանդեպ իր վերաբերմունքն ու դրա մասին բարձրաձայնելը»։


Գագիկ Քամալյանը համարում է, որ լավ քարոզչություն անելու դեպքում իշխանությունը գալիք խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու բոլոր հնարավորություններն ունի։


Մեր զրուցակիցը նաև համարում է, որ, ցավոք, այսօր խնդիր է այն հանգամանքը, որ ժողովրդավարական որոշ ուժեր կենսունակ չեն: «Հայաստանում կա ընդդիմություն, որի գոյությունը սպառնում է ՀՀ ժողովրդավարական ապագային, և կա ժողովրդավարական ընդդիմություն, որը կենսունակ չէ։ Դրա համար Փաշինյանի հակառակորդը բռնապետական հակում ունեցող ուժերն են»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում