Կասեցվել է գինու արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան):


Հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝

– արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
– չեն ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,

– գինու արտադրական պրոցեսի սկզբնական ընթացքը, մասնավորապես՝ մզվածքի պատրաստման գործընթացը, իրականացվում է արտադրական շինությունից դուրս, բաց երկնքի տակ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը,

– գինու հասունացման սենյակի, պատրաստի արտադրանքի պահեստային հատվածի առաստաղները վնասված են եղել, պատերի մակերևույթները

– պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղների վրա եղել են կեղտի կուտակումներ,

– արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել, հումքի հասունացման համար նախատեսված որոշ տարաներ կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում:


Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: