«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝ Էջմիածնի հոգևոր վերնախավը վաղուց հեռացած է կուսակրոն կյանքից, չունի հայ հոգևորականության կանոնակարգին հատուկ հատկանիշներ: «Դա կլինի ապօրինի ընտանիք ունենալը, բարձր կարգի հոգևորականի՝ ոչ ավանդական կյանքով ապրելը, կենցաղում շատ անթույլատրելի գործարքների կիրարկումը»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Սաֆարյանի դիտարկմամբ՝ կուսակրոն հոգևորականը պետք է միշտ առաջնորդ
լիներ՝ հոգևոր, բարոյական նկարագրի առումով. «Մի բան, որ տասնամյակներ
շարունակ բացակայել է մեր բարձր հոգևորականության
կենցաղի մեջ։ Նրանք այդ արժեհամակարգը չունեն։ Մեղմ ասած՝ բազմաթիվ ոլորտներում խախտել
են ոչ միայն կուսակրոնության սկզբունքը, այլև բարոյական նորմերը»։
Նրա խոսքով՝ Տեր Արամին կարգալույծ անելու շարժառիթն այն էր,
որ նա հանդգնել է ասել ճշմարտությունը. «Եթե նրա բառերի մեջ կա մի բան, որ հարիր չէ Հայ եկեղեցուն, պատրաստ
եմ իր փոխարեն ներողություն խնդրել ժողովրդից, մեր հոգևոր հոտից։ Մի հատ հասկանանք՝
ո՞վ է Հայր Արամին կարգալույծ արել, նա իրավունք
ունե՞ր Հայր Արամին կարգալույծ անելու իր բարոյական նկարագրով։ Եթե մեր եկեղեցական կանոնադրության բազմաթիվ կետեր խախտվել են Վեհափառի կողմից, ապա
նա ինքն է համարվում կարգալույծ։ Իր հետ միասին այն տասնյակ կամ միգուցե քսանից ավելի
հոգևորականները, որոնք դարձել են իր կամակատարները, չեն բարձրաձայնել եկեղեցում տիրող վատ, անառողջ մթնոլորտի մասին ու փորձում են ճչացող
արդարության բերանները փակել»։
Սաֆարյանը նշեց՝ ինչքան էլ ռուսական գործակալական ցանցը փորձի
եկեղեցուն օգտագործել իշխանազավթման համար, չի հաջողվելու. «Ասում են՝ վարչապետը պետք է կանգ առնի, վարչապետն ի՞նչ է անում,
որ կանգ առնի։ Նա Սահմանադրությամբ իրականացնում է իրեն ընձեռված գործառույթները։ Մայր
Աթոռը գրոհել պետք չէ. եթե ունեն դույզն իսկ բարոյական նշույլ, ապա Էջմիածնի վերնախավը օր առաջ պետք է լքի Մայր Աթոռը»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում