Կիրառվել է 480 կարգապահական տույժ․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։


Նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր նշանակություն ունի կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։


2025 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1480 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:


Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել են 480 կարգապահական տույժեր։


Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 428 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «նկատողություն»` 245,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 70,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 77,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
– աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 4,
– ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից` 29։


Միաժամանակ, ոստիկանության 27 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։


Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 23 կարգապահական տույժ, որից 20՝ «նկատողություն», 2՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», 1՝ «ծառայության դադարեցում»։
Միաժամանակ, Փրկարար ծառայության 1 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարար ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։


Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 4՝ «նկատողություն», 1՝ «խիստ նկատողություն»։


ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որից 1՝ «նախազգուշացում», 2՝ «նկատողություն»։


ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 19 կարգապահական տույժ, որից 13՝ «նկատողություն», 6՝ «խիստ նկատողություն»։