«Կառավարող ուժը չէր և չի կարող ուզուրպացնել 1700-ամյա կառույցը՝ եկեղեցին. եթե եկեղեցու ներսում կա միասնականություն, ապա որևէ ուժ չի կարող խափանել այդ միասնականությունն ու խնդիրներ ստեղծել դրա ներսում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանությանն ուղղված մեղադրանքներին, թե հովանավորելով Հովհաննավանքի կարգալույծ քահանային՝ այսպիսով փորձ է արվում ուզուրպացնել եկեղեցին։
Անդրադառնալով Գարեգին Բ-ի հեռացման
մասին հարցին՝ Հակոբյանը նկատեց, որ որպես եկեղեցու հետևորդ կուզեր իմանալ՝ ի վերջո,
Ամենայն հայոց կաթողիկոսը խախտե՞լ է եկեղեցական կանոնագրքի որոշ կետեր, մասնավորապես
կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում
է որոշ հոգևորականների կողմից հնչեցվող կոչերին, թե՝ պետք է հրաժարվել կառավարող ուժի
ներկայացուցիչներին հոգևոր ծառայություններ մատուցելուց՝ մկրտություն, պսակադրություն
և այլն, ապա ՔՊ-ական պատգամավորը նկատեց. «Ես շատ ուրախ եմ, որ իմ երեխաներին մկրտել
եմ նրանց ծննդյան 8-րդ օրը, նրանց մկրտած հոգևորականը եղել է լուսահոգի տեր Կյուրեղը։
Եթե ես այսօր երեխաներիս մկրտելիս լինեի, ապա շատ բարդ ընտրության առաջ կկանգնեի, շատ
խնդիրներ կունենայի։ Վստահ եմ, որ ինքս չէի ցանկանա, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ
մկրտեին իմ զավակներին։ Իմ հավատն առ որոշ եկեղեցականներ սասանվել է։ Վստահ կարող եմ
ասել՝ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն
այնպիսի մթնոլորտ են ձևավորել, որ մարդ եկեղեցական ծիսակատարություններ իրականացնելուց
առաջ պետք է մի լավ մտածի՝ ով է ծիսակարգն իրականացնում, արդյոք այդ մարդը հոգևո՞ր
մարդ է, թե՞ հերթական աթեիստը, որը հագել է սքեմն ու ծիսակարգ է իրականացնում»։
Վաղարշապատում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների թեմային անդրադառնալով
էլ Հրաչյա Հակոբյանը նկատեց՝ ՔՊ-ի թեկնածուին անձամբ ճանաչում է, նա շատ պարկեշտ ու
իր աշխատանքում պատասխանատու մարդ է, լայն ճանաչում ունի նաև վաղարշապատցիների շրջանում
և վստահաբար կարող է ստանալ 50+ տոկոս քվե։
Հ․ Հակոբյանի հետ զրուցել
ենք նաև «Մեր ձևով» շարժման, գալիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հավաքելիք
ձայների և այլ թեմաներից։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան