Արսեն Թորոսյանը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մի շարք հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։


Ինչպես հայտնում են ԱՍՀՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են զբաղվածության, ժողովրդագրության, բնակարանային ապահովման և այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ 


Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ շեշտելով քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։ Արսեն Թորոսյանը նաև ընդգծել է սոցիալական ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կարգավիճակից, կունենա արժանապատիվ աշխատանքի և կենսապայմանների հնարավորություն։


Ֆաբրիցիո Ձարկոնեն ներկայացրել է ՀԲ գործունեության ուղղությունները, այս պահին իրականացվող աշխատանքներն ու դրանց ընթացքը։ Նա ողջունել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, և վստահություն հայտնել, որ համատեղ ծրագրերը կնպաստեն ավելի կայուն և ներառական սոցիալական միջավայրի ձևավորմանը։ 


Զրուցակիցներն ընդգծել են նաև կանանց տնտեսական զորեղացման, զբաղվածության ծրագրերում նրանց ներգրավվածության հնարավորությունների կարևորությունը։ 

Հանդիպման ավարտին կարևորվել է համատեղ վերապատրաստումների իրականացման դերը․ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով։