Այո՛, պետք է պոկվել ՌԴ-ից. կա՛մ Ռուսաստան, կա՛մ խաղաղություն ու պետություն. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ֆրանսիայում ՀՀ վարչապետի շփումները օգոստոսի 8-ի տրամաբանական շարունակությունն են: «Սա կարող է անտրամաբանական թվալ այն առումով, որ այդ համաձայնությունները տեղի են ունեցել առանց Եվրամիության, Ֆրանսիայի, առանց որևէ եվրոպական դերակատարի, բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք այն, ինչ ուղիղ տեքստով ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Մեհրաբյանը հիշեցրեց դեսպանի խոսքերն առ այն, որ սա դիտարկվում է ոչ միայն որպես ամերիկյան պրոյեկտ, այլ այն նաև իրենցն է: «Նշեց, որ իրենք սա դիտարկում են որպես ընդհանուր եվրաատլանտյան ռազմավարության  բաղկացուցիչ։ Այդ ռազմավարությունն է ցամաքային կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ, և այդ կապը այլ կերպ, քան Հարավային Կովկասն է, հնարավոր չէ»,- նկատեց նա։  


Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ռուսներին այլ բան չի մնում, քան իրենց պրոքսիների միջոցով փորձել իրավիճակն ապակայունացնել: «Բայց վերջին հաշվով՝  ուզած-չուզած փորձելու են օգտվել այս համաձայնության պտուղներից։ Դրա ապացույցն այն է, որ երբ Ալիևը հայտարարեց, որ վերացնում է Հայաստանի համար տարանցման սահմանափակումները, Հայաստանն էլ հանդիպակաց քայլ արեց Ադրբեջանին ու Թուրքիային, ռուսները զանգեցին Ալիևին, որ իրենց համար ևս վերանան այդ տրանզիտային սահմանափակումները։ Ռուսներին այլ բան չի մնում, քան գալ ու հարմարվել»,- եզրափակեց նա։


 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում