Կտրիճ Ներսիսյանը չգնալու տարբերակ չունի

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ չկա տարբերակ, որ Կտրիճ Ներսիսյանը կարողանա մնալ որպես կաթողիկոս: «Հարցն այն է, թե նա ինչ ժամկետում կդադարի Մայր Աթոռում զբաղեցնել այն տեղը, որ հիմա է զբաղեցնեում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեմոկրատական երկրի ղեկավարը, որը ներկայացնում է քվեարկողների մեծամասնությունը, չի ճանաչում Կտրիճ Ներսիսյանին որպես կաթողիկոս: «Վերջին գործընթացներից տեսնում ենք, որ իր ընտրողներն էլ իր հետ համաձայն են։ Ընդհանրապես հանրային դաշտը նայելուց պարզ է դառնում, որ այո՛, իսկապես  վարչապետի կողմնակիցներն ընդունում են նրա կողմից Կտրիճ Ներսիսյանին կաթողիկոս չճանաչելու փաստը։ Ստացվում է, որ երկրի բնակչության զգալի մասն այդ մարդուն չի ճանաչում որպես կաթողիկոս»,- նկատեց նա։


Հրայր Մանուկյանի դիտարկմամբ՝ վերջին ամսվա ընթացքում պարզ է դարձել նաև, որ կան հոգևորականներ, որ նրան չեն ճանաչում  որպես կաթողիկոս. «Տեր Արամ քահանա Ասատրյանն ուղիղ ասաց, որ չի ճանաչում այդ մարդուն որպես կաթողիկոս, որն իրեն կարգալույծ է հռչակել։ Իրեն էլ միացավ մեկ այլ հոգևորական։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունը սպասում է, որ գործընթացը հնարավորինս սահուն ընթանա, այսինքն՝ սպասեն, որ այլ հոգևորականներ էլ միանան, ու ինչ-որ ժամանակից հետո հոգևորականները հավաքվեն,  եկեղեցական ժողով անեն կամ կարողանան Կտրիճ Ներսիսյանին համոզեն, որ գնա»։


Նրա խոսքով՝ եթե լինեն ակտիվ ու նախաձեռնող հոգևորականներ՝ այդ թվում՝ տեր Արամը, կարող են այս պահից հայտարարել, որ կաթողիկոսի տեղը թափուր է. «Հետևաբար, ովքեր համաձայն են այդ պնդման հետ, թող գան ու միասին որոշեն՝ ինչպես անցկացնել նոր եկեղեցական ժողով ու կաթողիկոսի տեղապահ ընտրեն»։


Հրայր Մանուկյանը համարում է, որ իռացիոնալ կլինի թողնել, որ Կտրիճ Ներսիսյանը պաշտոնավարի մինչև 2026 թվականի ընտրությունները: «Իշխանություններն էլի փորձում են ժամանակ տալ, որ Կտրիճ Ներսիսյանը ինքնուրույն որոշում կայացնի ու հեռանա, բայց ես կնախընտրեի իմ նշած  այդ չոր տարբերակը»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում