Կարող են լինել երկրներ, որ «Հռոմի ստատուտի» վավերացումը կարևորեն, օրինակ՝ տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակների և այլ առևտրի դեպքում․ Եղիշե Կիրակոսյանը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱԺ Պետական իրավական մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս կանոնադրության վավերացումը նաև լրացուցիչ կանխարգելիչ մեխանիզմ կունենա ՀՀ-ի համար, որը վստահորեն կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ ՀՀ տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունը կատարելու տեսանկյունից։
Եղիշե Կիրակոսյանը նաև կարևոր հանգամանք հիշատակեց՝ նշելով, որ երբ ՀՀ-ն վավերացնում է նմանատիպ միջազգային կարևորագույն փաստաթուղթ և ստանձնում է հանձնառություններ, միջազգային պարտավորություններ, ոչ միայն պատժելու, այլ նաև ՀՀ քաղաքացիները պարտավորություն են ստանձնում նման տրամաբանության տակ չկատարելու նմանատիպ պատերազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանության հանցագործություն։
«Սա նաև կարևոր նախադրյալ և կարևոր պայման է՝ այլ տրամաբանությամբ․ օրինակ՝ շատ դեպքերում անվտանգային խնդիրների լուծման նպատակով կարող են լինել երկրներ, որ այս հանգամանքը կարևորեն, օրինակ՝ տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման դեպքում, զինատեսակների և այլ առևտրի դեպքում։ Եվ սա երկրորդային էֆֆեկտ կարող է ունենալ այդ ուղղության վրա»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։