ԱԺ Պետական իրավական մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։
Դիմելով հիմնական զեկուցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ մեր հանրության շրջանում մի փոքր թերահավատություն կա, ինչը թերևս օբյեկտիվորեն և արդարացիորեն առաջացել է միջազգային դատական ատյանների կայացրած որոշումների վերաբերյալ, և մեր հանրությունը կարելի է ասել, այս ֆրուստրացիայի մեջ է գտնվում՝ պայմանավորված նրանով, որ մենք ունեցել ենք Լաչինի միջանցքի շրջափակման փաստով պայմանավորված արդեն իսկ մի քանի միջազգային դատական ակտեր, որոնք չեն կատարվել Արդբեջանի կողմից։
«Եվ ըստ էության, դրան որևէ բան չի հետևել։ Հիմա մենք ևս մեկ գործիք ենք փորձում ավելացնել մեր իրավական գործիքակազմին, ինչը ես շատ եմ կարևորում, բայց կխնդրեմ ներկայացնել Ձեր դիրքորոշումը, որքանո՞վ սա կարող է օգնել ընդհանուր գործին, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել։ Կարո՞ղ է պատահել, որ կրկին կայացվի դատական ակտ և այդ դատական ակտը կրկին արհամարհվի»,-հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ցավոք սրտի ունենք միջազգայի դատարանների շատ հստակ որոշումներ, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից և ցավոք այդ կարևորագույն մեխանիզմներն անկատար են միջազգային իրավական համակարգում, այդպիսին է համակարգը և դատարանների որոշումների կատարման վերահսկողությունը կամ դատարանների որոշումների կիրառման նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում։
«Եթե խոսքը գնում է Եվրոպական դատարանի մասին խոսքն այդ դեպքում գնում է նախարարների կոմիտեի մասին, որը քաղաքական մարմին է և որը քննարկում է վճիռների կատարման հետ կապված հարցերը։ Բայց կան նաև որոշակի տեխնիկական խնդիրներ, մենք դրան առերեսվեցինք, երբ նախարարների կոմիտե մտան դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումները, որովհետև դատարանի կամ նախարարների կոմիտեի կանոնակարգով և նաև կոնվենիցայով, նախարարների կոմիտեն վճիռների կատարումը վերահսկող մարմին է, և որոշումների մասով որոշակի բաց առկա է։ Նույնը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանին»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Վերջինս նաև նշեց, որ անկախ մեր հանրության մոտ առաջին հայացքից թվացող այդ տպավորության, որը շատ օբյեկտիվորեն է ձևավորվել, առաջարկում է ավելի համբերատար և երկարաժամկետ նայել այս հարցին, որովհետև այն անմիջական էֆֆեկտներ ցավոք չի ունենում, բայց դա չի նշանակում, որ պետք է թողնել ու չանել որևէ բան իրավական գործընթացներում, և անհետևողական պայքարենք։ Հակառակը՝ պետք է հետևողականությունն ավելացնել նաև տարբեր տեսակի իրավական միջոցները պետք է համալրենք։
«Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման քայլը կարծում եմ՝ որոշակի առումով քաղաքակրթական մեսիջ է, զուտ արժեքային առումով»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում