Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի հետ զրուցել ենք եկեղեցում տիրող իրավիճակի, քահանաներին կարգալույծ անելու և ներքաղաքական իրավիճակի մասին։
- Պարոն Մալխասյան, արդեն երկրորդ
կիրակին է՝ Հովհաննավանքում տեր Արամը պատարագ է մատուցում, այս կիրակի էլ պատարագ
է մատուցելու Թալինի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թադեն։ Հնարավո՞ր է նրան նույնպես կարգալույծ
հռչակեն, ինչպես տեր Արամին։ Եվ առհասարակ՝ ի՞նչ հանգուցալուծում կստանա, ըստ Ձեզ,
այս ամենը։
- Այդ հարցի պատասխանը շատ ճիշտ
էին տալիս որոշ մարդիկ՝ իսկ ո՞վ է կարգալույծ անողը։ Էդ կարգալույծ անողները խորապես
փչացած, հոգևոր աշխարհի հետ մազաչափ անգամ կապ չունեցող, նույնիսկ եկեղեցու, հոգևոր
աշխարհի թշնամիներն են, նրանք եկեղեցու ուժն ու հզորությունն այսօր տապալել են, և այդ
համակարգում հայտնվում են մարդիկ, որոնք չեն հանդուրժում այդ արատավոր երևույթները
և ուզում են, որ մեր եկեղեցին մաքրվի, մեր ավգյան ախոռները մաքրվեն, ոչ թե կիսատ-պռատ,
այլ՝ ամբողջությամբ։ Այդ կաթողիկոսի գահին մնալու ամեն օրը ազգային անվտանգության խնդիր
է ստեղծում մեր երկրի համար։ Մենք պետք է ազգովին երախտապարտ լինենք այն հոգևորականներին,
որոնք համարձակություն ունեն այդ արատավոր երևույթների դեմ պայքարելու, նրանց ուժն
ու հմայքը ճշմարտությունը հետապնդելու խիզախության մեջ է։ Եվ հակառակ կողմից՝ կարմիր
թշով ինչ-որ փափկամորթ երիտասարդներ ոտքի են ելել՝ իբր թե եկեղեցու համար պայքար են
ծավալել, և այդ պայքարի քողի տակ նրանք քողարկում են որոշ եկեղեցականների աշխարհիկ
կյանքը և եկեղեցում տիրող արատավոր, խայտառակ երևույթները։ Այս ամենի նպատակն այն է,
որ չարագործները հնարավորինս երկար մնան վեհարանում, շարունակեն ցոփուշվայտ, այլասերված
կյանքը և ժողովրդին մոլորեցնելով՝ հարստանան ու զբաղվեն թալանով։
- Օրերս Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը Ազգային միասնության օրվա առիթով Կրեմլում պետական պարգևներ
է հանձնել, պարգևատրվածների թվում է եղել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ
արքեպիսկոպոս Եզրասը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունի այս պարգևատրումը, հնարավո՞ր է Կրեմլի
մակարդակով հովանավորում են հոգևորականներին
և նրանց միջոցով պետության դեմ դուրս գալը։
- Ռուսները հայերի նկատմամբ ունեն
էթնիկ քաղաքակրթական բարդույթ, իրենք չեն ուզում հայերին վերացնել, ուղղակի ուզում
են, որ հայերը լինեն իրենց հնազանդ ու ենթակա և հայերին միշտ օգտագործեն։ Ես շատ լուրջ
աղբյուրներից տեղեկություններ եմ ստացել, որ Եզրաս կոչված չարիքը 500-ից ավելի երիտասարդների
կանչել է իր մոտ, նրանց շահագրգռել է և ուղարկել ուկրաինացիների դեմ կռվի, և նրանցից
մոտ 30 հոգին չեն վերադարձել, մահացել են։ Եվ հանուն ինչի՞ են գնացել զոհվել՝ որ ագրեսորի
ցանկություններին հագո՞ւրդ տան։ Բա էդ նույն փութաջանությամբ Եզրասն ինչո՞ւ Ղարաբաղյան
պատերազմների ժամանակ մարդկանց չէր հավաքագրում, որ գան իրենց հայրենիքի համար կռիվ
տան, ոչ թե օտարի հողի համար։ Ռուսները միշտ էլ էս ձևի են մեզ հետ վարվել բոլոր պատերազմներում,
նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մեր ժողովուրդը թող սա լավ տեսնի
և հասկանա, որ Ռուսաստանի վերջին հույսը՝ հայերին հնազանդեցնելու և դարձնելու իրենց
հպատակը, մնացել է եկեղեցին, որովհետև որոշ եկեղեցականներ լրտեսություն են անում օտարների
համար, և եթե ռուսներին հաջողվի եկեղեցու միջոցով Հայաստանում իշխանությունը փոխել,
մենք որպես պետություն այլևս կվերանանք։ Մեր պայքարը նրա համար է, որպեսզի մաքրենք
եկեղեցին լրտեսներից, մաքրենք նյութապաշտ, օտարահպատակ, 30 արծաթով ծախվող շնացած սրիկաներից։
- Այսօր կառավարության նիստից
հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, փաստ է՝ խորհրդային ժամանակներից
նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ։ Դուք ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
- Ես 100 տոկոսով ստորագրում
եմ վարչապետի այդ հայտարարության տակ, բայց մի քիչ մեղմ է ասել։ Նա ամբողջ ուղնուծուծով
ծառայում է ռուսական իշխանություններին։ Հլա թող միամիտ հայերը, հատկապես ղարաբաղցիները,
որ էսքանից հետո հույս են կապում ռուսների հետ, թող գնան էնտեղ, տեսնեն քանի երիտասարդի
գլուխ կերավ՝ ուղարկելով ռազմաճակատ։
- Կարծես Քոչարյան-Սարգսյան
զույգի հետ Կրեմլն այլևս հույսեր չի կապում, որ Հայաստանում իշխանափոխություն կանեն,
ըստ Ձեզ՝ պատահակա՞ն էր արդյոք Սամվել Կարապետյանի ասպարեզ գալը և եկեղեցականների ակտիվացումը։
- Դրանք,
էդ բոլորը՝ Սամվել Կարապետյան, Դաշնակցություն, Քոչարյան, Սերժ, ընդդիմության էն մյուս
թափթփուկները, դրանք նույն կենտրոնից ղեկավարվող տարբեր օղակներն են, դրանց մեջ ներգրավված
են նաև որոշ եկեղեցականներ։ Սամվել Կարապետյանի և կնոջ էդ շքեղ նկարը՝ յուղաներկով,
որ կաթողիկոսը տարել խփել է իր գլխի վերևը, էդ Սամվել Կարապետյանն էդ ո՞վ է՝ Քրիստո՞սն
է, ի՞նչ է։ Սամվել Կարապետյանը չի կարողանում հասկանալ, որ ինքը հանցանքների մեջ է
թաղված, և այդ շքեղությունը, որ ինքը աջուձախ ցույց է տալիս, ընդհանրապես իրենք հույսը
դրել են փողի ու շքեղության վրա։ Եվ չեն հասկանում, որ շքեղությամբ զարմացնում են նրանք,
որոնք ուրիշ ոչ մի բան չունեն զարմացնելու։ Սրանց կոչում են շատ փող ունեցող աղքատներ։
Սրանք թույլ են, անօգնական, որոնց հետևից խելացի, հասկացող մարդը չի գնա, որովհետև
սրանք օտարահպատակ են։ Եվ եթե Ռուսաստանը հայտնաբերեր, որ իր ներսում սենց բաներ կան,
բոլորին ցմահ կդատեր։ Հիմա մենք էլ պետք է խիստ օրենքներ մտցնենք, որ ովքեր դրսի համար
լրտեսություն են անում, օտարահպատակ են և պետք է խստագույնս պատժվեն։ Ես Փաշինյանին
շատ մեղադրում եմ նրա համար, որ էս խստությունները շատ ուշ սկսեց. եթե էս խստությունները
ինքը սկսեր մի 5-6 տարի առաջ, էս թափթփուկները սենց չէին ակտիվանա։
Լիլիթ
Թադևոսյան