Ալիևը դա ասում է ներքին խոհանոցի համար, իսկ ՌԴ-ն ու ընդդիմությունը՝ իշխանափոխության. Գալիչյան

Civic.am-ի զրուցակիցն է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը։


- Պարոն Գալիչյան,  օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե ցարական Ռուսաստանի հրապարակած քարտեզում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին արձագանքել էր, որ հիշատակված քարտեզն ինչքան անբարենպաստ է Հայաստանի համար, երկու այդքան էլ՝ Ադրբեջանի, քանի որ այսօրվա Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չէ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այս հայտարարությունը, և այն ի՞նչ նպատակ է հետապնդում։


- 250 տարի Կովկասի հարավը պարսկական գերիշխանության ներքո էր։ Այդտեղից  բավականին մեծ չափով թրքախոս պարսիկներ ու թուրքեր տեղափոխվեցին Հայաստան, որովհետև բավականին բարենպաստ միջավայր էր։ Իրենց հետ բերեցին նաև տեղանուններ։ Գյոյչա անունը ժամանակին նրանք են դրել, 1700-ից մինչև 1800-ի վերջերն այդ անունը կար։ Մեր ժողովրդի մի մասը Սևան էր ասում այդ լճին, իսկ թրքախոս մասը՝ Գյոյչա։


Կա մեկ  ուշադրության արժանի հանգամանք։ Ցարական Ռուսաստանի քարտեզների  վրա լճի անունը գրված էր Գյոյչա կամ Սևան, երկու անուններն էլ կային։ Կա նաև Հայաստանի անունը և նաև Շիրվան անունը, բայց Ադրբեջան անուն գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող է մի երկիր գոյություն չունենալ, բայց իր լեզվով անուններ լինեն։ Այդ երկիրն այն ժամանակ մինչև 1918 թիվը գոյություն չուներ, մինչև ծնվեց Ադրբեջանի Հանրապետությունը՝ Արաքսից մինչև հյուսիս։ Դա են փաստում հենց նույն ցարական Ռուսաստանի քարտեզները, որ ինքը մեջբերում է։


- Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը, երբ նման հայտարարություններ է անում։


- Շատ պարզ է՝ իր երկրի ներսի համար է խոսում։ Տարիներ շարունակ ասել է, որ Հայաստանից պահանջներ ունի, Սևանա լճի կեսն իրենցն է, հետո նաև մեջտեղ է բերում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, սակայն իր իսկ ստորագրած պայմանագրի մեջ այդ անունը գոյություն չունի։ Հետո իրենց երկրում քարտեզ է տպում՝ Սյունիքի միջանցք անունով, որն ամբողջովին  Հարավային Սյունիքի քարտեզն է, անունը դնում է  «Զանգեզուրի միջանցքի» քարտեզ։ Դիտմամբ  ճանապարհներն էլ խառնած է հրապարակում, որ չես հասկանում՝ երկաթուղին Պարսկաստանի ճանապարհո՞վ է  անցնում, թե՞ Հայաստանի, սահմանի ո՞ր կողմով է անցնում։ Մինչդեռ այդ ճանապարհն իրականում անցնում է  Հայաստանի ինքնիշխան տարածքով, իսկ նա իրավունք չունի  այդ ճանապարհի վրա իր ուզած անունը դնելու։ Դա հակասում է իր իսկ ստորագրած փաստաթղթերին։ Նա դա անում է ներքին խոհանոցի համար՝ ցույց տալու, որ խաղաղության պայմանագիր կստորագրի, բայց միջանցք վերցնելու է։ Մինչդեռ նա միջանցք չի վերցնելու, իրավունք է ստանալու Հայաստանի  տարածքով անցնելու։ 


- Եթե Ալիևը սա անում է ներքին խոհանոցի համար, ապա ի՞նչ նպատակ է  հետապնդում ընդդիմությունը այդ հարցը շահարկելով։


- Ընդդիմությունը հարցը դարձնում է զենք՝ իշխանության դեմ պայքարելու համար, բայց իրենցից ոչինչ չեն ներկայացնում։


- Օրերս հարցին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն՝ կրկին օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը և նշելով, թե իրենք շատ բան են արել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվեն։ Ինչո՞ւ է ՌԴ-ն նույնպես այդ տերմինն օգտագործում։


- Շոյգուն շատ բան կարող է օգտագործել, կարևորը մենք չօգտագործենք։ Պետք է օգտագործել այն տերմինները, որոնք ստորագրված  փաստաթղթի մեջ նշված են։ Պարզ նշված է, որ դա ճանապարհ է, և իրենք անցնելու են ՀՀ ինքնիշխան տարածքով։


- Կարծում եք ՌԴ-ն հատո՞ւկ է անում։


- Իհարկե։ Ադրբեջանն ու Ռուսաստանն ամեն ինչ անում են, որ դժգոհություն առաջանա Հայաստանի ներսում, որ իշխանափոխություն լինի, իրենց մարդիկ գան, թալանը փրկեն։ Ադրբեջանն ու Ռուսաստանը տարիներով նույն բանն են ասում, իբր հակասություններ ունեն, բայց միասնաբար Արցախը հանձնեցին Ադրբեջանին։


Մարիամ Գրիգորյան