Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին հետախուզվում է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։


Նա նշել է, որ նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ:


Ըստ մեղադրանքի՝ Միքայել Հարությունյանը պաշտոնավարման շրջանում բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած, որ մինչև այդ վերջինս արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանային պայմանները բարելավելու համար:


«2008 թ–ի փետրվարին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը դիմում է հասցեագրել պաշտպանության նախարարին, որում ներկայացրել է, որ հատկացված 10 մլն դրամը բավարար չէ իր բնակարանային կարիքները բավարարելու համար։ Նա խնդրել է իրենից հետ վերցնել 10 մլն դրամը և իրեն հատկացնել 3 սենյականոց բնակարան»,– նշում է քննիչը։


Նրա դիմումը բավարարվել է բնակարանային հանձնաժողովի կողմից, բնակարանը հատկացվել է, սեփականաշնորհվել է, բայց գումարը ՊՆ–ին չի վերադարձվել։ 10 մլն դրամը նախարարությանն է փոխանցվել միայն վարույթի հարուցումից հետո։


Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովին, որը եղել է ՊՆ–ի բնակարանային հանձնաժողովի անդամ, ինչպես նաև բնակարանային հանձնաժողովի մյուս 4 անդամները։ Միքայել Հարությունյանի և հանձնաժողովի` Հայաստանից բացակայող ևս մեկ անդամի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։


Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար, նա հեռակա կարգով դատապարտվել էր կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: