Պուտինը չեկիստական պրիոմ արեց`ակնարկելով ՀՀ-ին, որ ձեր հոգևոր առաջնորդը մեզ է ծառայում. Արշակյան

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ զրուցել ենք եկեղեցում տիրող իրավիճակի և ներքաղաքական իրադարձությունների մասին։


- Պարոն Արշակյան, որոշ եկեղեցականների և իշխանության միջև հակամարտությունը գնալով սրվում է, Կտրիճ Ներսիսյանն վերջերս հերթական քահանային՝ տեր Տարոնին, կարգալույծ արեց՝ եկեղեցում տիրող արատավոր բարքերի մասին բարձրաձայնելու համար։ Մինչև ե՞րբ կտևի այս հակամարտությունը և ի՞նչ հանգուցալուծում կստանա։


- Մինչև որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծանուցագիր ուղարկի ՀԱԵ պաշտոնյաներին՝ ՀՀ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի խախտումների մասին։ Նախարարությունն ուղղակի ծանուցագրով կհրավիրի պաշտոնյաներին, կզգուշացնի, որ օրենքը խախտում են։ Օրինակ՝ բարձրաստիճան հոգևորականները քաղաքացիական պատերազմ են հրահրում, զինված ուժերին կոչ են անում մտնել քաղաքական պայքարի մեջ, իշխանափոխություն կազմակերպել ԶՈՒ-ն օգտագործելով, տեռորիստական ծրագրեր են մշակում, և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականները համերաշխ են ռազմական հեղաշրջման կոչ անողների հետ և կանգնում են նրանց կողքին։ Դա շատ լուրջ և վտանգավոր վարքագիծ է, և արդարադատության նախարարությունն անպայման պետք է արձագանքի դրան։


- Ըստ Ձեզ՝ ո՞ր պարագայում Կտրիճ Ներսիսյանը կհեռանա վեհարանից։


- Որ հեռացող լիներ, վաղուց կհեռանար, հենց որ խախտել էր կուսակրոնության ուխտը և երդմնազանց էր եղել։ Բայց եթե չի հեռացել, նշանակում է՝ նա հեռացող չի, նրան պետք է հեռացնեն։ Իսկ հեռացնել այսօր կարող է եպիսկոպոսների խորհուրդը, ՀԱԵ եպիսկոպոսները կարող են նրան հեռացնել։ Նա էլ է եպիսկոպոս։


- Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգային միասնության օրվա առիթով Կրեմլում պետական պարգևներ է հանձնել, և պարգևատրվածների թվում է եղել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունի այս պարգևատրումը։


- Ձևն այսպիսին է՝ հատուկ նշանակության ծառայությունների համար է տրվում, որովհետև Ալեքսանդր Նևսկու պարգևը տրվում է ուժայիններին. քանի որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոսը հատուկ զինվորական ծառայություն չի կատարում Ռուսաստանում, ուրեմն մեզ համար մնում է հանելուկային, գուցե կատարում է ոչ կրոնական ծառայություններ։ Եվ մրցակից եկեղեցին չի տալիս նման մրցանակ։ Նա չի կարող խրախուսել իր մրցակցին, դա աբսուրդ է, ուրեմն նշանակում է, որ ինչ-որ ոչ կրոնական ծառայություն է կատարել, այլ տեսակի ծառայություն է կատարել, դրա համար էլ պարգևատրել են։ Բայց ես, որպես քմծիծաղ տվող, հեգնող, ասեմ, որ դա մեզ ահազանգ է, ՌԴ նախագահը ասում է՝ տեսեք՝ ում եմ ես պաշտպանում, տեսեք՝ մենք ինչ վերաբերմունք ունենք, ձեր հոգևոր առաջնորդը մեզ է ծառայում։ Ես կարծում եմ, որ լյուստրացիա է արել, չեկիստական պրիոմ է դա։


- Երեկ կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, խոսելով Եզրաս արքեպիսկոպոսի մասին, ասել է, փաստ է՝ խորհրդային ժամանակներից նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ։ Դուք ինչպե՞ս սա կմեկնաբանեք։


- Այ հենց բացահայտումը դա էր, Ռուսաստանի նախագահը բոլոր կասկածողներին ասաց՝ տեսեք, թե ինչ պարգևով եմ ես պարգևատրում, ինչ մեդալ եմ տալիս, ուժայինների համար նախատեսված մեդալ եմ տալիս հոգևորականին։ Դա կոչվում է ինքնավնասարարություն, հետագայում ռուսները Ռուսաստանի նախագահին հարցեր կտան՝ ինչո՞ւ բացահայտեցիր մեր շահերի պաշտպանին, ՀԱԵ հավատացյալները կարծում էին, թե նա իրենց է ծառայում, բայց պարզվում է, որ մեզ չի ծառայում, պարզվում է՝ երկու տիրոջ ծառա է արքեպիսկոպոսը։     


- Ինչպես նկատվում է՝ Կրեմլը կարծեք թե քոչարյանասարգսյանական ընդդիմության հետ այլևս հույսեր չի կապում, արդյոք նրանք հույսը դրել են Սամվել Կարապետյանի և որոշ բարձրաստիճան հոգևորականների՞ վրա։ Դուք ի՞նչ կարծիք ունեք սրա մասին։


- Շատ կարևոր բան է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերություններում, Ռուսաստանի շահերը պաշտպանող անձնավորությունները և կազմակերպությունները ձախողել են իրենց գործը, չարաշահել են իրենց տրված ռեսուրսները, վարկաբեկել են Ռուսաստանը հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների աչքում, խայտառակ են արել ռուսականությունն ընդհանրապես, ու բնական է, որ Ռուսաստանն իրեն վարկաբեկողներին պետք է պատժի։ Ռուսաստանը հանձնում է իրեն վարկաբեկող քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու հոգևորականներին։ Ռուսաստանը մատը մատին չի տալիս, որ պաշտպանի իր շահերի ներկայացուցիչների անվտանգությունը։ Արցախը հանձնող գլխավոր հրամանատարից մեդալ ստանալն ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Ռուսաստանը վարկաբեկում է, ոչնչացնում է  իր շահերի ներկայացուցիչներին։


- Այդ դեպքում ՌԴ-ից գործուղված հերթական «փրկչի» ականատես կլինե՞նք։


- Նախ՝ շատ հնարավոր է, որ Ռուսաստանը հարկադրված է այդպես անում, նրան հեռացնում են այստեղից։ Ռուսաստանը  «արմյանսկիյ օբլաստը, արմյանսկոյե ցարստվո և արմյանսկայա ռեսպուբլիկա» ինստիտուտը ձախողել է։ 200 տարի Ռուսաստանն այստեղ դարձել է հայ ժողովրդի աջակիցը, բարեկամը, մանդատ է ստացել «սրբազան դաշինքից»՝ Եվրոպայից,  ապահովել այստեղ քրիստոնյաների անվտանգությունը և բարեկեցությունը և 200 տարվա աշխատանքի հետևանքով թողել է հյուծված, անկենսունակ պետություն։ Նրանից հետ են վերցնում մանդատը, դրա համար ԵՄ դիտորդներ են եկել անվտանգությունն ապահովում, դրա համար Թրամփը ճանապարհ է բացել ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ռուսական բեռների համար։ Այսինքն՝ Ադրբեջանը, Թուրքիան կատարում են ոչ թե Ռուսաստանի պահանջները, այլ ԱՄՆ-ի։ Մի գրչի հարվածով ԱՄՆ նախագահը ճանապարհները բացեց, շրջափակումը հանեց, Ռուսաստանը դա չի կարողանում անել, դրա համար նրանից հետ են վերցնում այստեղ կարգավորողի, մոդերատորի, հովանավորի, անվտանգությունն ապահովողի լիազորությունները։ Դրա համար, որպեսզի ՌԴ-ն իզուր տեղը ծախս չանի իր շահերի պաշտպանների համար, լքում է նրանց ու լքում է՝ դուռը շրխկացնելով, պատժելով, բանտ ուղարկելով։

 

Լիլիթ Թադևոսյան