«Հաղթանակ» դաշինքն առ այս պահը շարունակում է կոպտորեն խախտել օրենքը․ Հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը

Сivic.am-ն արդեն ահազանգել է, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» դաշինքը խախտում է ընտրական օրենսդրությունը՝  «լռության օրվա» հետ կապված։ Դաշինքի ֆեյսբուքյան էջում շարունակում են միացված մնալ գովազդները։ Առ այս պահը հիշյալ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները չեն արձագանքել մեր հրապարակմանը՝ չեն արձանագրել խախտումն ու այն վերացնելու վերաբերյալ  հայտարարությամբ հանդես չեն եկել։  

 


Եվս մեկ անգամ հիշեցնենք օրենքը շրջանցող կարգազանցներին․ «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Ընտրական օրենսգրքի իմաստով, նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։

 

Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը: