Ժամը 16։00-ի դրությամբ տրամադրել ենք լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին 51 տեղեկանք. Դավթյան

«Ժամը 16։00-ի դրությամբ տրամադրել ենք 51 տեղեկանք, որոնք ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից»:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ նրանք այդ տեղեկանքների միջոցով ներգրավվում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։ 


«Մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ և այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է, մասնավորապես ՀՀ քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք։ Մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որով անձը մոտենում և իրացնում է իր ընտրելու իրավունքը»,- նշել է նա։


Դավթյանը հավելել է, որ քաղաքացիներին նաև խորհրդատվական ծառայություններ են մատուցվում։


«Շատերը մոտենում են և ասում, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անունով, ազգանունով անձի, որն իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում»,- նշել է նա: