ՀԾԿՀ-ն իր որոշմամբ դադարեցրեց ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։


Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր վերսկսել էր նոյեմբերի 13-ին մեկնարկած ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկումը:


Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, իսկ 2018-ից սկսած՝ ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները: Սա դիտարկվում էր ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հիմք:


ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու այլ հիմքեր էին։ Այդպիսի հիմք էր նաև ընկերության կողմից «Տաշիր գրուպի» մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը վարկեր ստանալու համար։ Վարկերն ընկերությունը ստացել է Հայաստանի առևտրային բանկերից։


Ըստ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ նախկինում զանգվածաբար նաև ոչ ճշմարիտ տվյալներ են ներկայացվել ՀԾԿՀ-ին, ինչի արդյունքում սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները։