Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 3 անդամ հոկտեմբերին մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով շրջանառվող քննարկումներին, թե ՀԾԿՀ անդամները Թուրքիա են այցելել իբր ՀԷՑ-ը Թուրքիային վաճառելու բանակցությունների համար:
«Այո, հանձնաժողովի 3 անդամ՝ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանն ու Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին: Հայաստանը 1999թ-ից հանդիսանում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ: Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ: Ի ուրախություն մեզ՝ այս տարի մայիս ամսին իմ գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է ասոցիացիայի աշխատաժողովներին Օմանում: Հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը 3 տարով ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ»,-ասաց Մեսրոպյանը:
Նրա խոսքով՝ ասոցիացիան տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ է հրավիրում: Եվ այդ օրերի ընթացքում 47 երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր: ՀԾԿՀ նախագահն ասաց, որ Հայաստանի համար այս ժամանակաշրջանում օրակարգային են վերականգնվող՝արևային էներգետիկային առնչվող խնդիրները: Ինչպես նաև կան շուկայի ազատականացման վերաբերյալ օրակարգային խնդիրներ:
«Թուրքիա այցելության ընթացքում հիմնականում այս խնդիրներն են շոշափվել: Հետևաբար, ի լուր աշխարհի հայտարարել, թե իբր գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որ ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին, նման է գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ նման բան պարզապես չկա:
Վերջին օրերին մի խումբ հանրային գործիչներ և լրատվամիջոցներ տեղեկություններ էին շրջանառում, թե իբր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները Թուրքիա են այցելել այդ երկրին ՀԷՑ-ի վաճառքի հարցով բանակցությունների համար։