Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցել բաց, չմոնտաժված հարցազրույցի ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրների կամ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամում հրապարակված տեսանյութում։
Սիմոնյանը նշել է, որ վերջին օրերին ակտիվ քննարկումների, մեղադրանքների և քաղաքական մեկնաբանությունների ֆոնին ինքը պատրաստ է պատասխանել ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերին՝ իրենց ընտրած հարթակում։
«Առաջարկում եմ, որ ամենակարկառուն քաղաքական մեկնաբանները, խմբագիրները, որոնք այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հանդիպեն ինձ հետ։ Ես պատրաստ եմ հարցազրույց տալ բոլոր այն ընդդիմադիր լրատվականների խմբագիրներին կամ նրանց ներկայացուցչին՝ իրենց տաղավարում, իրենց տարածքում, իրենց նախընտրած հարթակում»,– ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ ինքը որևէ պայման չի դնում, որպեսզի ընդդիմադիր լրատվամիջոցները հնարավորություն չունենան պատճառաբանելու, թե հարցազրույց կազմակերպելուց խուսափել են պայմանների պատճառով։
ԱԺ նախագահը նշել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների անուններ, որոնց առաջարկում է ընդունել մարտահրավերը․ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան, «Yerevan Today»-ի ներկայացուցիչ, «5-րդ ալիքի» կողմից ընտրված անձ։
Սիմոնյանը ընդգծել է, որ հարցազրույցը պետք է լինի չմոնտաժված, միմյանց նկատմամբ հարգալից մթնոլորտում։
«Խնդրում եմ կապ հաստատել իմ խոսնակի հետ և կազմակերպել հարցազրույցը։ Այն պետք է լինի մեկս մյուսին հարգելու տրամաբանությամբ՝ հարցերի և պատասխանների բացահայտման համար»,– նշել է նա։
ԱԺ նախագահը հավելել է, որ իր առաջարկը արվում է համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ և հույս է հայտնել, որ ընդդիմադիր լրատվամիջոցները չեն խուսափի հանդիպումից։
«Կսպասեմ իմ կողմից նետված ձեռնոցին ձեր պատասխանին, հուսամ՝ չեք խուսափի»,– եզրափակել է Սիմոնյանը։