ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը չի փոխվել, նոր ծրագիրը հանրային քննարկման փուլում է. ԱՍՀՆ

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե, իբր, Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3-ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

 


«Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40 000 դրամ։


 

Նոր ծրագիրը ներկայումս հանրային քննարկման փուլում է՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349 ): Քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում»,- ասված է հաղորդագրությունում։