Ծեծկռտուք մեքենան կայանելու հարցի շուրջ․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Երևանում։


Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 47 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում, և մասնակիցները իրար ծեծում են, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Չեխովի փողոցի 56 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 64 խումբը «ձախ ուսահոդի հոդախախտ և աջ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։


Ըստ սկզբնաղբյուրի՝ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Վահե Ս․-ն է։


Շենգավիթի համայնքային ոստիկանները ու պարեկները Չեխովի փողոցի 56 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 42-ամյա Հրաչիկ Ս․-ին, 37-ամյա Հայկ Ս․-ին, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Ֆելիքս Ա․-ին և Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Բ․-ին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, նշված հասցեում Հրաչիկ Ս․-ի և Ֆելիքս Ա․-ի միջև մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիններս բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որին միջամտել են Հայկ Ս․-ն և Կարեն Բ․-ն, և վիճաբանությունը շարունակելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչը նկատելով և կանխելու նպատակով միջամտել է նաև Վահե Ս․-ն, սակայն վիճաբանության մասնակիցներից մեկը նրան հրել գցել է, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:


Վիճաբանության ժամանակ Հրաչիկ Ս․-ն բռունցքով հարվածել և կոտրել է նշված հասցեում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և աջ ձեռքի շրջանում ստացել մարմնական վնասվածք:


Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վահե Ս․-ն ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում որպես ջոկի հրամանատար։