Oտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում կցուցադրվեն հայերեն ենթագրերով

«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։ 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։


Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով՝ համագործակցելով օտարերկրյա դիստրիբյուտորական ընկերությունների հետ։ 


«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարալեզու ֆիլմերի տարածումն այժմ իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա, որի պարտադիր պայմաններից մեկն է ֆիլմի հայերեն լեզվով տեսանելի և հստակ ենթագրումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է նաև օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման իրականացում:


ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում են հետևողական աշխատանքներ իրականացնել կինոոլորտում պետական քաղաքականության արդյունավետ կիրառման և կինոդիտման միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ապահովելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված դրույթների իրագործումը։